Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանից բացի, Հայաստանում ռուսական նոր ռազմակայաններ ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա»-ին «Sputnik Արմենիա»-ի համար տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ անհրաժեշտություն չկա, որովհետև ռազմակայանն ունի բոլոր հնարավորությունները ներառելու պահանջված տարրերը։ Ուստի կարծում եմ, որ փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Գյումրի քաղաքի հյուսիսում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ Հայաստանն ու ՌԴ-ն 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են կայանի տեղակայման պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։ Նախատեսվում է նաև ընդլայնել ռազմակայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտները։ Կայանը համալրված է Ս-300Վ, Բուկ-Մ1-2 ԶՀՀ-ով, ՄիԳ-29 կործանիչներով, Մի-8ՄՏ ռազմատրանսպորտային և Մի-24Պ ուղղաթիռներով: