ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անկախ Հայաստանի առջև ծառացած առանցքային մարտահրավեր է համարում արտագաղթը: Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման խոսքում ՀՀ Նախագահը նշեց, որ արտագաղթի դեմ պայքարի համար պետք է միավորվեն բոլոր ջանքերը:
«Արդի իրողությունն այնպիսին է, որ կարող ենք խոսել Սփյուռքի նոր սերնդի մասին: Եվ այս պարագայում միմյանց մեղադրելու փոխարեն մենք պետք է համատեղ քայլեր ձեռնարկենք բացթողումները շտկելու ուղղությամբ» «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ հայրենիքը չպետք է հայի համար բանտ լինի, սակայն, միևնույն ժամանակ այն չպետք է հյուրանոց լինի: «Յուրաքանչյուր հայ պետք է տոգորված լինի հայրենիքում տանտեր լինելու գաղափարով: Յուրաքանչյուր հայ պետք է հայրենիքում օջախ ունենա և այստեղ իրեն տանտեր զգա»,- շեշտեց ՀՀ Նախագահը:
Նրա դիտարկմամբ' համաշխարհայնացման ներկա պայմաններում Հայաստանն ու Սփյուռքը պետք է միավորեն ջանքերը հայրենիքի զարգացումն ու անվտանգության ապահովումը արդյունավետ առաջ տանելու համար: «Սփյուռքի աջակցությունը միշտ կարևոր է եղել մեզ համար' մեր երկրի անվտանգության ապահովման և համազգային խնդիրների լուծման ճանապարհին: Մենք միշտ զգացել ենք Սփյուռքի աջակցությունը և վստահ ենք, որ շարունակելու ենք միասնաբար առաջ տանել համազգային խնդիրների լուծմանն ուղղված մեր քայլերը»,- նշեց ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը հավելեց, որ հայրենիքը միշտ պատրաստ է աջակցել սփյուռքահայությանը' հայրենիքում ներդրումներ կատարելու գործում: