Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող' ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով: Այս սկզբունքը' ինքնորոշման իրավունքի իրականացման, այլընտրանք չունի: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսում: Նրա խոսքով' բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել մեկ հարթության մեջ, ուստի հակամարտությունների լուծման մոտեցումները տարբեր են: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումնաբանությունը, պատմությունը, լուծման նախադրյալները, հետևաբար միջազգային իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ իր ընկալումները և լուծման ճանապարհները պայմանավորում է հենց այդ նախադրյալներով:
«Մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների ղեկավարները, ներկայացուցիչները թե գրավոր, թե բանավոր խոսել են իրենց միասնական կարծիքի մասին: Այն է' Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող' ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով: Այս սկզբունքը' ինքնորոշման իրավունքի իրականացման, այլընտրանք չունի: Դրա մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, ԱԳ նախարարները»,- հայտարարեց ՀՀ նախագահը:
Վերջին անգամ այդ մոտեցումները ներկայացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, ով ասել է այն, ինչ հիմնականում ասել էր ԱՄն նախագահը տարբեր առիթներով: Նույնը կար նաև ՄԽ համանախագահների' հրադադարի 20-ամյակի առիթով տարածված հայտարարության մեջ:
«Որքան էլ փորձի Ադրբեջանի ղեկավարությունն այդ մոտեցումներն ու սկզբունքները յուրովի մեկնաբանել, ոչինչ չի ստացվելու: Ես չեմ կիսում այն մոտեցումը, թե տարբեր երկրներ ցուցաբերում են երկակի ստանդարտներ: Դրանք երկակի ստանդարտներ չեն, այլ այդ մոտեցումները բխում են կոնֆլիկտների պատմությունից, ծագումնաբանությունից եւ նախադրյալներից»,-ասաց ՀՀ նախագահը: