Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այդ պաշտոնում նշանակվելու օրվանից ադրբեջանական հասարակության մեջ նրա հասցեին արվող քննադատությունները չեն դադարում: Այս անգամ էլ Ադրբեջանում աղմուկի պատճառ է դարձել երկրի պաշտպանության գեներալ-գնդապետ նախարարի' Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ Բաքվում շեհիդների ծառուղի կատարած այցի ժամանակ ոչ ճիշտ զինվորական ողջույն տալը: Այս մասին հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը' նշելով, որ սոցիալական ցանցերում բոլորը քննադատում եւ դատապարտում են նախարարին' ճիշտ զինվորական ողջույն տալ չկարողանալու համար:
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն այդ կապակցությամբ ասել է. «Չեմ զարմանում, որ Զաքիր Հասանովն անգամ ճիշտ զինվորական ողջույն տալ չի կարողանում: Նա հաճախակի է սխալներ թույլ տալիս: Երկրի ղեկավարի վերջերս արտասահմանում գտնվելու ժամանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադըգովը եւ այլ հրամանատարներ այցելեցին սահմանամերձ շրջաններ: Երկրի ղեկավարի արտասահմանում գտնվելու ժամանակ պաշտպանության նախարարի այցը սահմանամերձ տարածաշրջան միանգամայն սխալ եւ անթույլատրելի է: Քանի որ, եթե այնտեղ նրա հ ետ որեւէ անցանկալի դեպք կատարվեր, երկիրը կարող էր մնալ առանց ղեկավարի: Կարող են առարկել, թե պատերազմ չէ: Բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ նման բան երբեք չի կարող լինել: Բացի այդ, Նեջդեթ Օզելի ընդունելության ժամանակ Զաքիր Հասանովը կանգնած է հոգնած, ձեռքերը' թուլացած: Պաշտպանության նախարարը նման սխալներ չպետք է թույլ տա: Նա պետք է օրինակ լինի բոլոր զինծառայողների համար: Նախարարի տված զինվորական ողջույնն էլ միանգամայն սխալ է: Ցավում եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն անգամ հասարակ զինվորական ողջույն ճիշտ չի կարողանում տալ», -ասել է Ջ աֆարովը եւ նշել, որ նման դեպքերը վնասում են Ադրբեջանի հեղինակությանը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո թերացումների եւ բանակում թույլ տված սխալ կադրային փոփոխությունների պատճառով Զաքիր Հասանովին կանչել են Նախագահի աշխատակազմ եւ հանդիմանանքի արժանացրել: