Ադրբեջանը վերածվում է բռնապետական Հյուսիսային Կորեայի: Օրերս Բաքվում գործող թիվ 189 տաքսի ծառայության կենտրոնական գրասենյակը իր բոլոր' մոտ 3 հազար վարորդների բջջային հեռախոսներին SMS է ուղարկել, որով հանձնարարվել է պատվերը կատարելու ընթացքում քաղաքական թեմաներով եւ պետության դեմ բացասական բնույթի խոսակցություններ չվարել: «Բոլոր վարորդներին պատվերը կատարելու ժամանակ արգելվում են քաղաքական եւ պետության դեմ բացասական խոսակցություններ ը: Ի սեր Ալլահի, Իլհամ Ալիեւը միայն գովաբանության արժանի ղեկավար է», -նշվել է ծառայության ղեկավար Զաման Ախունդովի անունից ուղարկված SMS հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է azadlig.info-ն, Զաման Ախունդովից խնդրել է պարզաբանել, թե ինչով է պայմանավորված նման հանձրարության անհրաժեշտությունը: «Ես հայրենասեր մարդ եմ: Իլհամ Ալիեւին էլ հավանում եւ աջակցում եմ: Մեր ընկերությունում արգելված է զբաղվել քաղաքականությամբ: Մենք այդ մասին բոլորին զգուշացնում ենք աշխատանքի ընդունվելու հենց առաջին օրը: Մենք չենք կարող հանդուրժել պետության դեմ հանդես եկողներին, կայունությունը փչացնել ցանկացողներին», -ասել է նա:
Հարցի հետ կապված' թերթին արած մեկնաբանության մեջ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը տաքսու վարորդներին նման SMS-ներ ուղարկելը միանշանակ գրաքննություն է բնութագրել է: Նա գտնում է, որ դրա հետեւում բոլորովին էլ տաքսի ծառայության ղեկավարությունը չի կանգնած, եւ դա արված է ավելի բարձր շրջանակներից: «Սա չնչին հարց չէ: Միանշանակ սահմանադրությամբ քաղաքացիներին տրված խոսքի եւ արտահայտվելու ազատության կոպիտ խախտում եւ միջամտություն է», -ընդգծել է իրավապաշտպանը:
Ռասուլ Ջաֆարովի խոսքով' նման քայլը հիմք է տալիս պնդելու, որ տաքսու վարորդներին գաղտնի կերպով լսել են կամ էլ տեսագրել: «Հնարավոր է, հատուկ սովորեցված մարդկանց միջոցով գործողություն են անցկացրել: Քանի որ, եթե այդ անհանգստությունը կապված լիներ մեկ-երկու վարորդի հետ, ապա նրանց ուղղակի անհատապես կպատժեին: Ամեն դեպքում, սա օրենքի կոպիտ խախտում է եւ անիմաստ քայլ: Կառավարությունը զգում է, որ մարդիկ ամեն տեղ դժգոհություն են հայտնում, գանգատվում, քննադատում են քաղաքական ռեժիմը: Այդ խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունը ցանկանում է ամեն կ երպ փակել նրանց բերանը», -նշել է իրավապաշտպանը: