Վաղը՝  օգոստոսի 2-ին Երևանում նախանշված է ՀՀ առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: 

Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանի օգնական Մամիկոն Սարգսյանը, ով այս պահին գտնվում է Ստեփանակերտում: 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։ Տեղեկությունը հրապարակել էր «Ժառանգություն» կուսակցությունը։

Մեր այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել իրականում, Մամիկոն Սարգսյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 7-8 ժամ գտնվել է անցակետի մոտ և որևէ կոնկրետ հիմնավորում չի ստացել, թե ինչու են իրեն արգելել մուտք գործել Արցախ:

«Արցախ մուտք գործելու արգելքի մասին Րաֆֆի Հովհաննիսյանին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները: Ավելի ուշ, պարոն Հովհաննիսյանը վերադարձել է Գորիս, այնտեղից էլ՝ Երևան, որտեղ վաղը կկայանա նրա մամուլի ասուլիսը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց կապ հաստատել նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Հավելենք նաև, ՀՀ ԱԱԾ-ից պարզաբանել են, որ Հովհաննիսյանի հետ կապված միջադեպի մասով ՀՀ իշխանությունները ոչ մի առնչություն չունեն: 

Ավելի վաղ, անդրադառնալով իր հետ կատարվածին, Հովհաննիսյանը նշել էր հետևյալը.

«Ակնհայտորեն անիրավ հրահանգի հետեւում կանգնածի վախկոտությունը մեզ ցույց է տալիս այս ինքնակոչ իշխանազանցության համար պատասխանատուի ամենահավանական ուղղությունը. դա կարող է լինել միայն մեկ մարդ՝ ձախողված առաջնորդը, որը, հանուն իրական տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության, պետք է հեռանա իր այլատյաց հարեւանի հետ մեկտեղ»։