Իրանա-ամերիկյան հարաբերություններում կրկին լարվածություն է նկատվում: Այս անգամ խնդիրը դիվանագիտական հարթության վրա է, սակայն փորձագետները չեն բացառում, որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների նորմալացման վրա:
Ինչպես հաղորդում է BBC-ն, շուրջ մեկշաբաթյա լարված վիճակից եւ քննադատությունների տարափից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 19-ի առավոտյան ստորագրել է կարգադրություն, համաձայն որի արգելվում է ՄԱԿ-ոմ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուիցիչ Համիդ Աբութալիբի մուտքն ԱՄՆ:
Սպիտակ Տան պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Աբութալիբը մասնակցություն է ունեցել 1979թ. Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավմանը, հետեւաբար, ամերիկյան կողմը, ունենալով մի շարք մտահոգություններ, նպատակահարմար չի տեսնում Աբութալիբի մուտքը իր երկրի տարածք: Ինքն' Աբութալիբը, չի ժխտել իր մասնակցությունը վերոնշյալ դեպքերին, սակայն հավաստիացրել է, որ ընդամենը թարգմանիչ է աշխատել եւ որեւէ այլ գործողություն չի իրականացրել:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների' Նախագահի որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Կոնգրեսը, որ օրեր շարունակ քննարկել է հարցն ու քննադատել նախագահին' անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելու եւ «իրանցի ահաբեկչին Նյու Յորքում ապրելու հնարավորություն տալու համար»:
Սա առաջին անգամ է, երբ ամերիկյան կողմը արգելում է իրանցի դիվանագետների մուտքը ԱՄՆ: Իրանյան կողմի մեկնաբանությունն էլ կտրուկ է, սակայն, առանց ավելորդ զգացմունքայնության: Թեհրանը հայտարերել է, որ մտադիր չէ ՄԱԿ-ում նոր ներկայացուցիչ նշանակել եւ հարցը կլուծի իրավական հարթության մեջ: