Ամերիկացի 67-ամյա գրող-ազգագրագետ Էմի Լուիզա Բիմին Թուրքիայի իշխանություններն արգելել են այցելել այդ երկիր:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական T24 լրատվական կայքը, գրողը, ով 2007 թվականից հաճախ է այցելել Թուրքիա եւ ամիսներով բնակվել այդ երկրում, զբաղվել է Թուրքիայում բնակվող քրդերի եւ եզդիների կենցաղի եւ ինքնության վերաբերյալ ազգագրական տեղեկությունների հավաքագրմամբ:

 

 

Գրողն ասել է, որ իրեն հայտնի չէ, թե թուրքական իշխանություններն ինչու այլեւս թույլ չեն տալիս իրեն այցելել Թուրքիա' շարունակելու իր գիտական աշխատանքները:

 

 

Ամերիկացի գրողը աշխատել է Արեւմտյան Հայաստանի տարածքում, մասնավորապես, Աղրիի (Արարատ) եւ Շըռնաքի շրջաններում, որոնք ներկայում հիմնականում բնակեցված են քրդերով:

 

 

Թուրքական իշխանությունները նրան անգամ մինչեւ 2015 թվականի հունվարի 3-ը ժամանակավոր կացության վկայական են հատկացրել, սակայն, առանց որեւէ բացատրության հրաժարվել են հերթական անգամ երկարացնել Թուրքիայում նրա մնալու ժամկետը:

Վերջինս հեռացել է Թուրքիայից' ապօրինի դրության մեջ չհայտնվելու եւ ոստիկանության հետ գործ ունենալու վախից:

 

 

Հայտնի է դարձել, որ 2014 թվականի նոյեմբերի 17-18-ն ամերիկացի գրողը Շըռնաքի Բեյչուշեբափ բնակավայրում մասնակցել է քրդական հարսանյաց հանդեսի, ինչից հետո թուրքական ոստիկանությունը հետապնդումներ է սկսել նրա նկատմամբ: Հետագայում պարզվել է, որ թուրքական ոստիկանությունը նրա վերաբերյալ զեկույց է ներկայացրել համապատասխան մարմին, որում նշել է, որ ամերիկացի ազգագրագետը հանդիպումներ է ունեցել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունեցող անձանց հետ, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում: