ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ' մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Այս մասին Հանրապետության ղեկավարը հայտարարել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,-նշել է ՀՀ Նախագահը:

 

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության առաքելությանն ապագայում' Սերժ Սարգսյանը նշել է. «Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու: Ես սա ասում եմ, քանի որ գիտակցում եմ Սահմանադրության դերն ու ժողովրդավարական ավանդույթների կարևորությունը մեր երկրի համար, դա շատ ավելի կարևոր է, քան հնարավոր բոլոր վայ-շահարկումները, որոնք պարզապես թեթևամտության ժանրից են: Եվ ես սա ասում եմ այսօր՝ որպես սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրականացման ազատության երաշխիք ու նաև ազատ գործելու երաշխիք ձեզ համար»: