Կոլումբիայի իրավապահ մարմինները երկրի խոշորագույն նավահանգստում՝ Կարտախենայում, իրականացրած հատուկ գործողության ընթացքում առգրավել են 7 տոննա կոկաին՝ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակը վերջին ութ տարվա ընթացքում: Այս մասին հաղորդել է ազգային պաշտպանության նախարար Խուան Կառլոս Պինսոնը:

 

«Հնարավոր է՝ սա թմրանյութերի ամենամեծ խմբաքանակն է Կարտախենայի պատմության մեջ: Այս բեռն ուղարկվում էր Նիդեռլանդներ՝ Ռոտերդամ նավահանգիստ, և այն բռնել են գործնականում ուղարկման պահին»,- պարզաբանել է Պինսոնը:

 

Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ թմրանյութը թաքցված է եղել անանասի պտղամսի արկղերում: Բուն գործողությունն անցկացվել է ապրիլի 8-ին, սակայն արգելված նյութերի քաշի հաշվարկն ավարտվել է միայն ապրիլի 9-ին:

 

2014 թվականի սկզբից երկրի իրավապահ մարմիններն արդեն առգրավել են գրեթե 30 տոննա կոկաին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: