Հայաստանում լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից մեկ այլ կայքի դեմ հեղինակային իրավունքի խախտումը վերացնելու պահանջով դատական նախադեպային հայցը կնպաստի ոլորտի զգաստացմանը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հեղինակային իրավունքի խախտման հարցով «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի դատական հայցին ընդդեմ «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի: Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համահեղինակն է: Պատգամավորը նշեց, որ վերոնշյալ օրենքի տրամաբանության հիմքում դրված է իրավական միջոցներով խնդիրների լուծումը, այն դեպքում, երբ ինքնակարգավորումը և լրագրողական էթիկան իրենց արդյունքները չտան: «Սա առաջին դեպքն է, երբ ինքնակարգավորումներն իրենց արդյունքը չեն ունեցել, և լրատվամիջոցը որոշել է դիմել դատարան: Տեսնենք, թե ինչպես կլինի, և դատարանում ինչպիսի փաստարկներ կհնչեցնեն կողմերը: Կարծում եմ' այս առումով օրենքի կիրառման տեսակետից դրական լույսի ներքո պետք է հարցին նայել»,- նշեց Հովհաննիսյանը:

 

Հարցին՝ արդյոք նախադեպից հետո պե՞տք է ակնկալել լրատվամիջոցների շրջանում դատական հայցերի ակտիվացում՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ տվյալ դեպքը դաշտին ավելի մեծ զգոնություն կբերի:

 

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 9-ին կայացել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության' ընդդեմ «Առաջին լրատվական» ՍՊ ընկերության հայցի լսման նախնական դատական նիստը: Հայցվոր կողմը պահաջում է վերացնել հեղինակային իրավունքի խախտումները և փոխհատուցում վճարել (200 հազար դրամի չափով): Պահանջը վերաբերում է 8 հրապարակումների:

 

Դատական գործն առաջինն է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններից հետո: Փոփոխությունները ենթադրում են, որ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության եւ վարձատրության վճարման: