Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը:
Նախարարը շեշտեց՝ ասել, որ այս նախագիծը կարևոր է, թերևս, նշանակում է ոչինչ չասել, և նախագծի կարևորությունը ընդգծելու համար ներկայացրեց նախագծի հետ կապված խոսուն փաստեր՝ նշելով, որ գործող օրենսգիրքն ընդունվել է նախորդ դարի 1985 թվականին և այդ պահից ի վեր օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ունեն կարկատանի տեսք, և իրարամերժ, հակասական փոփոխություններ են կատարվել:
Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ օրենգրքում շարունակում են օգտագործվել «ԽՍՀՄ տարածք, պատգամավորների խորհուրդներ, սոցիալիստական սեփականություն» և այլ եզրույթներ:
Նրա խոսքով՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգիրքը, ըստ էության, բացարձակապես ներքին տրամաբանական կապի մեջ չի գտնվում քրեական օրենսգրքի հետ. «Մի շարք խախտումների համար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսված է ավելի բարձր պատասխանատվություն, քան քրեական օրենսգրքում: Կամ, քրեական օրենսգրքում նախատեսված խախտումներ կան, որտեղ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում դրանց համար կա նմանատիպ պատասխանատվություն նախատեսված»,- ասաց նա՝ ավելացնելով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արդարադատության նախարարությունը մշակում է նաև Քրեական օրենգիրքը, ըստ էության՝ հաշվի է առնվել և կապը վերականգնվել է:
Ամփոփելով, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կարևոր սկզբունք է որդեգրվել նախագծի հետ կապված. «Այնպես, ինչպես մենք ասում ենք՝ չկա քրեական պատասխանատվություն որևէ արարքի համար, եթե այն նախատեսված չէ Քրեական օրենսգրքով, ապա սա դառնում է կոդիֆիկացված ակտ և մենք ասում ենք, որ չկա վարչական պատասխանատվություն որևէ արարաքի համար, եթե այն նախատեսված չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով»:
Արփինե Հովհաննիսյանը, հաշվի առնելով օրենսգրքի կարևորութոյունը և այն հանգամանքը, որ դեռևս ժամանակ կա այն խորհրդարան ուղարկելու, վարչապետ Կարեն Կարապետյանից խնդրեց մեկ շաբաթ ժամանակ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հետ քննարկում կազմակերպելու և ճշգրտումներ անելու համար:
Սոնա Հարությունյան
Մանրամասները՝ տեսանյութում.