ԱՄՆ Սենտանի արտաքին հարցերով հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը զայրացրել է Թուրքիային: Այս հարցի կապակցությամբ մեկնաբանություն է տվել Թուրքիայի' ԱՄՆ-ում գտնվող փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ հարցին ի պատասխան Բաբաջանը հայտնել է, որ հարցը քննարկվում է Անկարայում և այս կապակցությամբ կառավարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

 

Բաբաջանն այդուհանդերձ մեկնաբանել է կատարվածը' ճիշտ չհամարելով այն, որ «ԱՄՆ-ում որպես ներքին քաղաքական նյութ է օգտագործվում այն թեման, որը պնդում են, թե տեղի է ունեցել 99 տարի առաջ ԱՄՆ-ից այդքան հեռու գտնվող տարածքում, սակայն դրա վերբերյալ չեն արվել գիտական որևէ հետազոտություններ, և որը կտրականապես մերժվում է թուրքական կողմից»: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս անգամ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կարող է հետ կանչվել, Բաբաջանը կրկին հիշեցրել է, որ հարցը քննարկվում է պաշտոնական Անկարայում:

 

Խոսելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին, Թուրքիայի փոխվարչապետը ճիշտ չի համարել այս պահին դրանց գնահատական տալը:

 

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում: Բանաձևն անցել է 12 կողմ և 5 դեմ ձայներով: Առաջարկվում է Սենատին 2014թ. ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 

Բանաձևը ներկայացրել էին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը ապրիլի 3-ին: Այն կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աջակցել հայ-թուրքական կայուն և կառուցողական հարաբերությունների հաստատմանը' հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և ճշմարտության ճանաչման վրա: