Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը տհաճ անակնկալի է եկել Հարվարդի համալսարանում, որտեղ նա ժամանել էր մասնակցելու որդու' Մեհմեթ Էմրեի ավարտական արարողությանը: «Օրակարգային տարածաշրջանային խնդիրներ և հայացք ապագային» խորագրով պլատֆորմում Գյուլի ելույթի ժամանակ Հարվարդի բժշկական կենտրոնի մասնագետ դոկտոր Էմրե Ալթընդաշը իր հարցով անակնկալի է բերել Թուրքիայի նախագահին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Ալթընդաշը իր խոսքի մեջ անդրադարձել է նախորդ տարվա մայիսից մեկնարկած Գեզիի դեպքերին, որի ժամանակ 8 մարդ զոհվել էր, 90 մարդ գլխի վնասվածք էր ստացել, 9 մարդ կորցրել էր աչքը, իսկ հազարավոր մարդիկ վատացել էին արցունքաբեր գազից: «Սակայն Թուրքիայում բռնությունը շարունակվում է: Օրական սպանվում է 3 կին, 4 բանվոր մահանում է աշխատանքային վթարներում: Ռոբոսի (Ուլուդերեի) կոտորածում Ձեր ղեկավարած բանակը սպանեց 34 մարդու: Դուք չե՞ք ամաչում նման պետության ղեկին լինելու համար: Ձեր ձեռքերից արյուն է հոսում, չե՞ք տեսնում: Ինչպե՞ս եք առանց ամաչելու այստեղ մեզ ժողովրդավարության ստերի մասին պատմում: Ինչպե՞ս եք գիշերները քնում: Ձեր վարչապետն էլ 14 տարեկան երեխային ահաբեկիչ է անվանում»,- ասել է Ալթընդաշը:

 

Թուրքիայի նախագահը շտապել է ընդհատել նրան' ասելով. «Այժմ դու ինձ լսիր: Ոչ ոք քեզ իրավունք չի տվել նման հարց ուղղել ինձ»: Գյուլի այս խոսքերին ի պատասխան Ալթընդաշը հեգնել է, որ դրա համար Թուրքիայում ծեծի կենթարկվեր:

 

Արդարանալու համար նախագահ Գյուլը նշել է. «Նման իրադարձություններ այլ երկրներում էլ են տեղի ունենում: Գեզիի զբոսայգում զգոնությամբ սկսված գործողությունը քանի որ ամենասկզբից հնարավոր չեղավ ճիշտ ուղղորդել, դրան խառնվեցին ապօրինի խմբավորումները: Իհարկե, այս ամենը շատ տխրեցնող է»:

 

Հարվարդի համալսարանում իր ելույթի ժամանակի Թուրքիայի նախագահն անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերություններին' նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հույս դեռ կա: