Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Լոնդոնի Chatham House հետազոտական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ խոսել է երկրի կառավարման համակարգում իր նախասիրությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
«Բոլորն էլ գիտեն իմ կարծիքն այն մասին, որ խորհրդարանական համակարգն ավելի հարմար եմ գտնում, սակայն չեք էլ կարող ասել, որ նախագահական համակարգը ժողովրդավարական չէ»,- ասել է Գյուլը' ընդգծելով, որ վերջնական տեսքով հենց ժողովուրդը պետք է որոշում կայացնի' լինել խորհրդարանական, թե նախագահական պետություն:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով' Գյուլը նման հայտարարություն անելով հաստատում է ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հակասությունները: «Ելույթ ունենալով բրիտանական հեղինակավոր «Chatham House» հետազոտական կենտրոնում' Գյուլը փաստել է Էրդողանի հետ ունեցած հակասությունները ներքաղաքական գործընթացներում»,- նշել է թուրքագետը: Նա հիշեցրել է, որ երկիրը նախագահական կառավարման համակարգի փոխելու նախաձեռնողն ու ջատագովը հանդիսանում է Էրդողանը, ով դեռևս 2003 թ. ակնարկում էր նախագահական կամ կիսանախագահական համակարգին անցնելու անհրաժեշտությունը: 2014 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Էրդողանը վերահաստատել էր սահմանադրական բարեփոխումների միջոցով նախագահական կառավարման մոդելի հաստատման անհրաժեշտությունը: