Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը վերջակետ է դրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու առաջադրվելու մասին թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին' հայտարարելով, որ մտադիր չէ վերադառնալ ակտիվ քաղաքականություն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
«Ներկա պահին ակտիվ քաղաքականություն չեմ ցանկանում վերադառնալ», -ասել է նա' Ստամբուլի անտառտնտեսության տնօրինությունում իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ:
Թուրքիայի 11-րդ նախագահ Ա.Գյուլը հայտարարել է, որ ինչպես նախագահական պաշտոնավարման ժամկետը լրանալու ժամանակ է հայտարարել, այսուհետ եւս շարունակելու է իր գիտելիքներն ու փորձը կիրառել ի նպաստ պետության, ազգի եւ ժողովրդի:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ակտիվը մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ա.Գյուլին կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրել: ԱԶԿ առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ողջունել էր դա, իսկ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիմաստ էր արձագանքել' հայտարարելով, թե դա «նրա անձնական որոշելիքն է»: