Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում այդ երկրի ալևի համայնքը հայտարարել է, որ պաշտպանելու է ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Այդ կրոնական հոսանքի հետևորդների նման հայտարարությունն ամբողջությամբ փոխում է նախընտրական պատկերը՝ ավելացնելով ևս 7 մլն քվեներ նախագահական մրցարշավի առաջնորդ, գործող վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդի օգտին:

 

Մինչ այժմ թուրքաբնակ ալևիներն ավանդաբար պաշտպանել են իշխանական կուսակցությանը, սակայն, դեկտեմբերյան կուռուպիցիոն սկանդալից հետո կառավարությունում «մեծ զտումներից» (նուրսիստների) հետո, ալևիների բարձրաստիճան ներկայացուցիչները սկսել են հեռանալ իշխող կուսակցությունից: Իսկ հայտնի ալևի պատգամավոր Սաբահաթ Աքքիրազը նույնիսկ հրաժարվել է իր պատգամավորական մանդատից:

 

Թուրքիայում նախագահական ընտրություննեիից առաջ այսօր «լռության օր» է: Եթե ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը 51 տոկոս ձայներ չհավաքի առաջին փուլում, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլը: Թուրքիայում ընտրողների թվաքանակը կազմում է 53 մլն 17 հազար 214 մարդ:

 

Թուրքիայում նախագահական ընտրություններին մասնակցում են երեք թեկնածուներ՝ իշխող կուսակցության թեկնածուն Էրդողանն է, ընդդիմության թեկնածուն՝ Իհսանօղլուն, մոտ 20 մլն կազմող քրդական համայնքի թեկնածուն՝ Սալահեթդին Դեմիրթաշը: