Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում այդ երկրի ալեւի համայնքը հայտարարել է, որ պաշտպանելու է ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Այդ կրոնական հոսանքի հետեւորդների նման հայտարարությունն ամբողջությամբ փոխում է նախընտրական պատկերը' ավելացնելով եւս 7 մլն քվեներ նախագահական մրցարշավի առաջնորդ, գործող վարչապետ եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդի օգտին:
Մինչ այժմ թուրքաբնակ ալեւիներն ավանդաբար պաշտպանել են իշխանական կուսակցությանը, սակայն, դեկտեմբերյան կուռուպիցիոն սկանդալից հետո կառավարությունում «մեծ զտումներից» (նուրսիստների) հետո, ալեւիների բարձրաստիճան ներկայացուցիչները սկսել են հեռանալ իշխող կուսակցությունից: Իսկ հայտնի ալեւի պատգամավոր Սաբահաթ Աքքիրազը նույնիսկ հրաժարվել է իր պատգամավորական մանդատից:
Թուրքիայում նախագահական ընտրություննեիից առաջ այսօր «լռության օր» է: Եթե ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը 51 տոկոս ձայներ չհավաքի առաջին փուլում, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլը: Թուրքիայում ընտրողների թվաքանակը կազմում է 53 մլն 17 հազար 214 մարդ:
Թուրքիայում նախագահական ընտրություններին մասնակցում են երեք թեկնածուներ' իշխող կուսակցության թեկնածուն Էրդողանն է, ընդդիմության թեկնածուն' Իհսանօղլուն, մոտ 20 մլն կազմող քրդական համայնքի թեկնածուն' Սալահեթդին Դեմիրթաշը: