Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը Ծաղկաձորում ապրիլի 12-ին կկազմակերպի «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և ինտեգրման ուղիները» խորագրով տնտեսական ֆորումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Մեր երկրի տնտեսության առջև այսօր բազմաթիվ մարտահրավերներ կան ծառացած, ուստի քառյակը նախաձեռնել է այս ֆորումը, որպեսզի քննարկումների արդյունքում կարողանանք վեր հանել առկա խնդիրները և փորձել դրանց լուծմանն ուղղված ուղիներ գտնել»,- ասաց Մելքումյանը՝ ընդգծելով, որ ֆորումին հրավիրված են խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում հայտնի տնտեսագետներ և իրավաբաններ:
Նա նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆորումին մասնակցելու հրավեր է ուղարկել նաև օտարերկրացի բարձրակարգ տնտեսագետների, իրավաբանների և քաղաքական գործիչների: Ֆորումին մասնակցելու համար արդեն Հայաստանում են Սլովակիայի խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մառոշ Կոնդրոտը, Չեխիայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Կիրիլ Սվոբոդան, Սլովակիայի տնտեսագիտական համալասրանի պրոֆեսոր Պետեր Բալաժը: «Երեկոյան արդեն մեզ կմիանան հյուրեր Լատվիայից, որոնց թվում են այդ երկրի էկոնոմիկայի նախկին նախարարը, արդարադատության նախկին նախարարը, պատգամավոր Հեյգարս Շկոտենբերգը»,- ասաց Մելքումյանը:
Ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած եվրոպացի հյուրերը Ծիծեռնակաբերդում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Եվրոպացի հյուրերը ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: