Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «քառյակի» նախաձեռնած տնտեսական ֆորումին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Կարծում եմ, առանձին պատգամավորների հրավիրած կլինեն, իսկ կմասնակցեն, թե ոչ՝ դա արդեն նրանց ցանկությունն է: Մենք պաշտոնական հրավեր չունենք»,- ասաց նա:
Հարցին' կմասնակցե՞ն, եթե հրավեր լինի, Սահակյանը նշեց, որ հարկավոր է նայել նյութերը, հասկանալ, թե ինչ քննարկում է լինելու: «Ողջունելի է նրանց քայլը, թող հավաքվեն, քննարկեն: Չեմ կարծում, որ մեր պատգամավորներից հրավիրած չլինեն: Որպես քաղաքական ուժ՝ մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, բայց քանի որ մեր պատգամավորները նաև տարբեր հանձնաժողովների անդամներ են, անհատական կարող են հրավիրված լինել և միգուցե կմասնակցեն, որևէ խնդիր այս հարցում չկա»,- նշեց Սահակյանը:
Ապրիլի 12-ին Ծաղկաձորում տեղի կունենա «քառյակի» նախաձեռնած «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և ինտեգրման ուղիները» խորագրով տնտեսական ֆորումը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ ֆորումին մասնակցելու համար հրավիրված են բոլոր խորհրդարանական ուժերը: