«Դ!եմ եմ» շարժումը, որ ստեղծվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից դժգոհ երիտասարդներից, փորձում է ընդլայնել իր շարքերն ու համակարգային բնույթ ստանալ։ Մատենադարանի մոտ անցկացվող հավաքի ժամանակ շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ շարժումը ձեռք է բերում արհմիութենական բնույթ և հանդես է գալու նոր մեխանիզմերով։ «Մենք կուսակցություն չենք և չենք ներկայացնում «ճանապարհային քարտեզներ», մենք ունենք ձևակերպված խնդիրներ և ջանք չենք խնայում դրանք լուծելու համար։ Եթե մեր երկրում լինեին գործող արհմիություններ, ապա այժմ այս խնդիրը չէր լինի։ Մենք այժմ փորձում ենք ստեղծել մի համակարգ, որ հետագայում մեր սերունդները ստիպված չլինեն փողոցում լուծելու այսպիսի հարցերը»,-ասաց Գորգիսյանը։ Նա շարժման անունից կոչ արեց հավաքի մասնակիցներին չվճարել կոմունալ վճարումները՝ այդպիսով բողոքի ձայն բարձրացնելով։ Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլի 18-ին կանցկացվի բողոքի մեծ ակցիա, սակայն չհրապարակեց դրա մանրամասները։
«Դ!եմ եմ» շարժման հավաքին ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ անկախ նրանից՝ ինչ օրենք է ընդունվելու մինչեւ սեպտեմբերի 30-ը, գանձված գումարները ենթակա են վերադարձման, հետևաբար ոչ մի տրամաբանություն չկա, որ օրենքը գործի մինչև նշված ժամկետը։ «Պետական իրավական մարմինները պարտավոր են առաջնորդվել ՍԴ որոշման վեցերորդ կետով, որտեղ արձանագրված է, որ յուրաքանչյուր անձ ունի սեփականության իրավունք, որը ենթակա չէ գանձման»,-ասաց նա։ Մինասյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Ազգային ժողովում հրավիրվելու է արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու են այն հարցերը, որ մինչև սեպտեմբերի 30-ը որևէ գումար չգանձվի, հետ վերադարձվեն գանձված բոլոր գումարները և գործատուների վրա ուժ չկիրառվի: