Մինչև հուլիսի 15-ը հնարավոր է գումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելիս մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը նշեց, որ այս ծրագիրը Եվրոպայի  ամենամեծ ֆինանսավորմամբ իրագործվող ծրագրերից է. «Միայն մշակույթ բաղադրիչի կիրառման համար նախատեսվում է 454,8 միլիոն եվրոյի դրամանշնորհ տրամադրել մշակույթի ոլորտի ակտիվ հասարակական կազմակերպություններին»,-ասաց նա՝ հավելելով, որ որոշում է կայացվել մինչև 2024 թվականը երկարաձգել ծրագիրը:

Արձագանքելով ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ Մշակույթի նախարարության կողմից ի սկզբանե ցանկություն կար խորագիրը ներկայացնել ԱԺ-ի արտահերթ նիստ արագ վավերացաման համար: «Բայց կարծում եմ, որ պետք է հարգենք խորհրդարանականների՝ արձակուրդ գնալն ու սահմանված ժամկետները և այս փուլում կբավարարվենք վավերացման ներկայացնելու մասին որոշմամբ, իսկ վավերացումը կառաջարկենք աշնանը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ կարող են մինչև հուլիսի 15-ն արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով հանդես գալ, և հնարավոր է՝ այլ հրատապ հարցեր ևս ունենան:

Նազենի Ղարիբյանը նշեց, որ այս հարցում հրատապության խնդիր կա: «Մինչև հուլիսի 20-ը պետք է հաստատված լինի, հակառակ դեպքում Հայաստանը մասնակցելու իրավունք չի ունենա, ու ընդհանրապես կբարձրացվի Հայաստանի մասնակցության հարցը»:

Փոխնախարարն ասաց, որ Սահմանադրական դատարանից ասել են՝ բացառության կարգով գրավոր կարգով կարող են հարցը քննարկել և հուլիսի 10-ին կարող են ունենալ ՍԴ դրական եզրակացությունը:

Վարչապետը հավելեց, որ այդ թեմայով ԱԺ նախագահի հետ խոսակցություն է ունեցել և պայմանավորվել են, որ մինչև հուլիսի 15-ը կարող են այդպիսի նախաձեռնություն ցուցաբերել, եթե հիմնավորվի, որ դրա անհետաձգելի անհրաժեշտությունը կա: