Ծաղկաձորում տեղի է ունեցել ոչ իշխանական 4 ուժերի կողմից նախաձեռնած՝ «Տնտեսական նոր քաղաքականություն» խորագիրը կրող տնտեսական համաժողովը, որին մասնակցել են «քառյակը» ներկայացնող քաղաքական գործիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ Հայաստանից և արտասահմանից:

 

Ֆորումը ողջույնի խոսքով բացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 

«Տնտեսությունը ընդդիմադիր չի կարող լինել»,-այսօր Ծաղկաձորում, «Մուլտի Ռեստ» համալիրում՝ «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով ՀՀ տնտեսական եւ սոցիալական զարգացման ծրագրի քննարկմանը հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը;

 

Ըստ պարոն Ծառուկյանի՝ իրենք ընդունում են, որ տնտեսությունում կան շատ խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է պետք: Նա նշեց նաեւ, որ պաշտոնյաները այսուհետեւ պետք է նշանակվեն ըստ արժանիքների, ոչ թե բարեկամական հարաբերությունները հաշվի առնելով:

 

Քննարկումը ներկայացնում են ոչ իշխանական չորս ուժերը: ՀԱԿ-ից ներկա են խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, Վլադիմիր Կարապետյանը: Ժառանգությունից՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը: Իսկ ԲՀԿ-ից գրեթե բոլոր պատգամավորները:

 

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը հանդիպմանը չեն մասնակցում:

 

Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ այս ծրագրի իրականացման համար շատ կարեւոր է սփյուռքի դերը. «Սփյուռքը պետք է մասնակցի իր ամբողջ ներուժով: Դրա համար անհրաժեշտ է որպեսզի պետությունը տասը տարով ազատի բոլոր տեսակի հարկերից, թողնելով միայն եկամտահարկը: Այս ծրագրով նախատեսվում է ապահովել աշխատատեղեղեր բոլոր մարդկանց համար, որոնք ցանկություն ունեն աշխատելու: Սա նաեւ կխթանի ներգաղթը:Մենք առաջարկում ենք նաեւ սեփականության իրավունքի պաշտպանության բնագավառում կոնկրետ քայլեր»,-նշեց Արծվիկ Մինասյանը:

 

Ծրագրի քննարկմանը մասնակցում են արտասահմանյան երկրներից (Չեխիա, Սլովակիա, Լատվիա), հրավիրված ճանաչված տնտեսագետներ եւ իրավաբաններ, հանրապետությունում հայտնի տնտեսագետ-գիտնականներ, քաղաքական գործիչներ, ՀԿ ներկայացուցիչներ:

 

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միայն ու միայն մեկ լուծում՝ քաղաքական.«Տնտեսական բոլոր լուծումները սպառած են, ցավոք սրտի: Հիվանդին՝ տվյալ դեպքում գոյություն ունեցող համակարգին, ավազակապետությանը դեղամիջոցները չեն փրկի; Պետք է դիմել վիրահատության»: