Պետականաշինության գործընթացքում բոլոր երկրներում միշտ էլ անելիքներ կան: Այս մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հավելելով, որ բարեփոխումների շարունակականության կարևորությունը հստակ է. «Անգամ առավել զարգացած երկրներում հասարակական և տնտեսական համակարգերում բազմաթիվ նոր մարտահրավերներ են առաջանում, ուստի ես դեմ նմա ն արտահայտությանը, թե ինչ-որ բան կիսատ է մնացել»,-ասաց Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է իր վրա վերցնել բարեփոխումների իրականացման ողջ բեռը և դեմ չի լինի, եթե իր կողքին լինեն իր ծրագրերը համադրելիության սկզբունքով կիսող ուժեր: «Հանրապետական կուսակցության, երկրի Նախագահի կողմից համապատասխան քաղաքական որոշումը ի կատար պետք է ածվի հնարավորինս լայն հասարակական-քաղաքական ճակատով, իսկ եթե այդ ճակատում կլինեն մեզ այս կամ այն արագությամբ ուղեկցող ուժեր, ապա աշխատանքները կարող են մի քիչ ավելի լայն թափ ստանալ»,- ասաց Աշոտյանը:
Հարցին, թե կշարունակի պաշտոնավարել կրթության և գիտության նախարարի պաշտոնում, Արմեն Աշոտյանը նշեց, որ բոլորին ավելի շատ պետք է հետաքրքրի իր քաղաքական գործունեությունը, քան պաշտոնավարման հարցը, քանի որ ինքը պաշտոնյա է ընդամենը մի քանի տարի, իսկ քաղաքականության մեջ՝ 10 տարուց ավելի: «Այս պահին միայն կարող եմ ասել, որ որպես կարգապահ կուսակցական՝ ես կլինեմ այնտեղ, որտեղ կորոշի իմ կուսակցությունը»,- ասաց Աշոտյանը:
ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում հաստատվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: