ԱԺ-ում այսօր քննարկվեց «Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

Նախարարն իր ելույթում նշեց, որ սա մեր հանրակրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով ներկայացված կրթական լրջագույն փոփոխություններից մեկն է:

 

«ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված է կրթական նվազագույն մակարդակ, սակայն Սահմանադրությունը տալիս է հնարավորություն օրենքով սահմանել պարտադիր կրթության ավելի բարձր շեմ: Ուսումնասիրելով միջազգային կրթական տենդենցները, հաշվի առնելով ՀՀ հասարակության զարգացման հեռանկարները՝ կառավարությունը նախաձեռնել է այս բարեփոխումը` առաջարկելով խորհրդարանին ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության ավելի բարձր շեմ: Այդ շեմը ձևակերպվելու է 12-ամյա տիրույթում տեղավորվող ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությամբ»,- ասաց նախարարը:

 

Առաջարկվում է՝ այս օրենսդրական նախաձեռնությունը տարածվի այն աշակերտների վրա, որոնք մյուս տարի կընդունվեն 9-րդ դասարան, բացի այդ, առաջարկվում է ամրագրել, որ աշակերտի պարտականությունը մինչև 19 տարին լրանալն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշակերտներն իրենց կրթությունն ավարտում են 18-ը լրացած:

 

Տեսանյութն` 1in.am-ի