Հայաստանում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի Ջավիդ Օրուջևի' առանց որևէ խոչընդոտի կնոջ և երեխաների հետ Երևանի Հանրապետության հրապարակում զբոսնելը և հայկական հեռուստաալիքներից մեկին հարցազրույց տալը զարմացրել է BBC հեռուստաընկերության ադրբեջանական ծառայության թղթակցին: Վերջինս տեղում մոտեցել և փորձել է անձամբ Օրուջևից ճշտել Հայաստանում նրա գտնվելու պայմաններն ու հարմարությունները:

 

Ադրբեջանցի փախստականը' ի պատասխան լրագրողի հարցի, հայտնել է, որ իրենք ազատ են տեղաշարժվելու հարցում և ցանկացած պահի կարող են հանգիստ շրջել իրենց ուզած վայրում: Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իրենք ներկայում բնակվում են փախստականների համար նախատեսված կացարաններում, որտեղ իրենց հարևանությամբ կան նաև սիրիահայեր, Աֆրիկայից եկածներ ու իրանցիներ, որոնց հետ իրենց փոխհարաբերությունները նորմալ են: Ադրբեջանցին նշել է, որ անձնագրի բացակայությունը և հայերենի չիմացությունը լուրջ խնդիր են աշխատանք գտնելու և ապրուստի միջոցները հայթայթելու հարցում, այդ պատճառով մտածում է Ադրբեջան տեղափոխվելու մասին: Այդուհանդերձ, նա նշում է, որ անգամ Ադրբեջան գնալու դեպքում կնոջն ու երեխաներին թողնելու է Հայաստանում, քանի որ այստեղ նրանց համար ավելի ապահով է:

 

Հավատարիմ մնալով սեփական գործելաոճին' ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ փորձել են խեղաթյուրել Հայաստանում ապաստանած ադրբեջանցու խոսքերը և ներկայացրել են, թե իբր վերջինս դժգոհ է կեցության հայաստանյան պայմաններից և ցանկանում է հետ վերադառնալ:

 

ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն' հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը' իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ' Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին' Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ' արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը' Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանո ւթյուններից: