Սումգայիթում հայերի ջարդերի ժամանակ այդ քաղաքի բնակիչ Կարինե Մեժլումյանը ներկայացրեց 1988 թ. փետրվարի 27-ից մեկնարկած իրադարձությունները և վստահություն հայտնեց, որ հայերի ջարդերը նախօրոք պլանավորված են եղել Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից: Հայաստանի Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Կարինե Մեժլումյանը ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը, որն ականատես է եղել հայերի ջարդերին և հրաշքով փրկվել: «30 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-ին տեղի է ունեցել հայ ազգի ցեղասպանություն Սովետական Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Փետրվարի 27-ին ես փոքր քրոջս հետ գնում էի կինոթատրոն: Մենք Լենինի հրապարակում տեսանք մի քանի տասնյակ մարդկանց, ովքեր ցույց էին անում: Այն խաղաղ ցույց էր, որում ինչ-որ բան էին խոսում, սակայն մենք ուշադրություն չդարձրեցինք և մտանք կինոթատրոն: Երբ ֆիլմը սկսվեց, այն ընդհատեցին, մտան տասնյակ ադրբեջանցիներ և պահանջեցին, որ բեմահարթակ դուրս գան նրանք, ովքեր հայ են: Ոչ ոք բեմ դուրս չեկավ, ֆիլմը շարունակվեց: Այսպես ինձ համար սկսվեցին Սումգայիթի ողբերգական իրադարձությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատմեց Մեժլումյանը:
Նա նշեց, որ փետրվարի 28-ին տասնյակ ցուցարարներն արդեն վերածվել էին հարյուր հազարների: «Ես չեմ չափազանցնում՝ հարյուր հազարների: Ես փետրվարի 28-ին դուրս եկա պատշգամբ և տեսա երիտասարդ ցուցարարների, ովքեր հիմնականում սև հագուստով էին, իսկ գլուխներին սև ժապավեններ էին կապված: Նրանք գոռում էին «Մահ հայերին, ռուսնե՛ր, հեռացեք»: Մենք չգիտեինք՝ ինչ անենք, ուր գնանք: Մենք, չգիտես ինչու« հավատում էինք, որ Խորհրդային իշխանություն է, և ամեն ինչ կհարթվի: 5 րոպե անց մեր բնակարանի դուռը թակեցին: Ես բացեցի դուռը« և ադրբեջաներեն խոսակցություն լսվեց: Ես հարցրեցի, թե ինչ են ուզում և ինչի համար են թակել իմ բնակարանի դուռը, ինչին նրանք պատասխանեցին. «Հեռացեք ձեր Հայաստան»: Ես փակեցի դուռը, այդ մարդիկ ներքև իջան, ղեկավարը, ով կանգնած էր առաջին հարկում, ասաց, որ նրանց չէր ուղարկել խաղաղ բանակցությունների: Նա ասաց. «Բարձրացեք, ծեծեք, սպանեք, ավերեք»: Այս անգամ արդեն իմ տան դուռը ջարդեցին և սկսեցին մեզ գազանաբար ծեծել: Երբ իմ ողջ ընտանիքն արդեն ի վիճակի չէր պայքարել, սկսվեց թալանը: Նրանք հարձակվում էին ամեն ինչի վրա, ինչ տեսնում էին: Մեկը սառնարանն էր տանում, մյուսն՝ անկողինը: Նրանք ամեն ինչ տարան: Դա ինչ-որ տեղ մեզ փրկեց: Իմ ընտանիքը չզոհվեց: Մեր հարևանը մեզ իր մոտ տարավ, մենք որոշ ժամանակ այնտեղ անցկացրինք»,- մանրամասնեց սումգայիթյան կոտորածների ականատեսը:
Նա վստահություն հայտնեց, որ այդ ամենը պլանավորած էր. ադրբեջանցիները գիտեին, թե ինչի են գնում, նրանք ժամ առ ժամ ավելի էին կատաղում: «Փետրվարի 28-ի երեկոյան սկսվեցին խաղաղ բնակիչների դաժան սպանությունները: Սպանում էին կանանց և տղամարդկանց, ովքեր պայքարում էին բոլոր հնարավոր միջոցներով: Իսկ փետրվարի 29-ին միայն սպանություններ եղան: Սպանվեցին Մելքումյանների և Առաքելյանների ընտանիքները, որոնց այրեցին, կտորների բաժանեցին: Ահա այսպես երեք օր շարունակվեցին այդ վայրենի գործողությունները: Ես այդ օրերին ոչ մի խորհրդային զինվորական չեմ տեսել, ոչ ոք մեզ չի փրկել, ոչ ոք այնտեղ չկար, մեզ փրկեցին հարևանները, որոնք չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում»,- եզրափակեց Կարինե Մեժլումյանը:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց, որ շատ դժվար էր լսել այս պատմությունը և հիշողությունները՝ շեշտելով, որ, ըստ երևույթին, Կարինե Մեժլումյանի ընտանիքին կոտորածից փրկած հարևանները ևս ադրբեջանցիներ են եղել, ինչի մասին պետք է խոսել: