Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մարտի 1-ի առավոտյան պատարագի ավարտից հետո տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն Սումգայիթի ջարդերի զոհերի հոգիների համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողի կոսի նախագահությամբ:

 

 

Այս տարի լրացել է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայ խաղաղ բնակչության դեմ թուրք-ազերիների կողմից գործադրված բարբարոսությունների և ջարդերի 27 տարին: Սումգայիթյան ջարդերն իրենց իսկության մեջ թրքական ոճրային պատմության կրկնությունն էին և անպատիժ մնացած Հայոց ցեղասպանության արտահայտությունը:

 

 

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ մարտի 3-ին Անթիլիասում Արամ Ա. Կաթողիկոսի նախագահությամբ տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Իրանի մշակութային և կրոնների հարաբերության բաժնի միջև երկխոսության 6-րդ նիստը: Շուրջ 15 տարի առաջ սկսված երկխոսությունը հաջորդաբար տեղի է ունենում Անթիլիասում և Թեհրանում:

 

Նիստի ընդհանուր խորագիրն է «Քրիստոնյա-իսլամ համագործակցության անհրաժեշտությունը Միջին Արևելքում արդար և մնայուն խաղաղության հաստատման համար»: Հանդիպմանը կմասնակցեն Իրանից և Լիբանանից շուրջ 25 անձինք: Հանդիպումը կտևի 2 օր, որի ավարտից հետո կողմերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: