Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի է ունեցել հայոց բանակի զոհված երեք օդաչուների հոգեհանգստի արարողություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից, արարողությանը ներկա են եղել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ՀՀ հյուպատոս Արմեն Սարգսյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, ՀՄԸՄ անդամներ, Ազգային վարժարանի աշակերտներ և մեծ թվով տեղի բնակիչներ:

 

Տեր Մասիս Վարդապետ Զոպույանն իր քարոզի մեջ նշել է հայ ժողովրդի պատմության մեջ այս նահատակների դերի մասին: Նա աղոթել է առ Աստված նահատակների հոգիների, Հայաստանի և Արցախի խաղաղության համար: Հայր սուրբը Քուվեյթի հայ համայնքի անունից ցավակցություն է փոխանցել հայրենի իշխանության ներկայացուցիչներին և հայտնել, որ քուվեյթահայությունը միշտ պատրաստ է զորավիգ կանգնել հայրենիքին և բոլոր միջոցներով նպաստել նրա զարգացմանն ու բարգավաճմանը:

 

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը նշել է, որ հայրենիքն ուժեղ է իր ուժեղ սփյուռքով: Նա վստահեցրել է, որ հայոց սահմանները, ի հեճուկս ադրբեջանական մեքենայի խարդավանքերի և զինադադարը խախտող արարքների, կմնա ուժեղ՝ շնորհիվ հայրենասեր ու նվիրյալ, լավ զինված մարտիկների ու սպաների:

 

Նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը, որի հետևանքով ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները զոհվել են: