Ռուսաստանի Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված հայերի հոգիների հանգստության համար տեղի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Այս մասին տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:
«Զոհված հայերի հոգու հանգստության համար այսօր տեղի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Այն քիչ առաջ է ավարտվել: Ներկա էին տեղի հայերը, գործընկերներ, մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում»,-ասաց Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:
Նա տեղեկացրեց, որ տեղի հայերը համախմբված են զոհվածների ընտանիքների շուրջ, հնարավորությունների սահմաններում իրենց աջակցությունն են ցուցաբերում:
Ավելի վաղ Գեորգի Անտոնով-Միրզախանյանը տեղեկացրել էր, որ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008:
«Փաստաթղթերով իրենք ռուսներ են համարվում, բայց Դմիտրիի հայրը Սարգիս Կարապետի Խումարյանն է՝ ծնունդով Ախալցխայից, վրացահայեր են: Քանի որ Սարգիս Խումարյանը կնոջից բաժանված է եղել, տղային՝ Դմիտրիին, տվել է մոր ազգանունը՝ Գալանին, եւ, բնականաբար, Դմիտրիի տղան էլ Գալանին է»,- ասել էր նա:
Սարգիս Խումարյանը currenttime.tv-ին տված հարցազրույցում պատմել է, որ ցույց չեն տվել որդու մարմինը, ճանաչման գործընթացն իրականացվել է մնացած իրերով` խաչով, մատանիով, ժամացույցով: Նրա խոսքով, առևտրի կենտրոնում հրդեհն այնպիսի ուժգնություն է ունեցել, կարծես ջերմամիջուկային ռումբ պայթած լիներ: