Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմայի ածխի հանքում դժբախտ պատահարի հետևանքով բոլոր զոհվածների, վիրավորների ու նրանց ընտանիքների համար Պոլսո Հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ մայիսի 18-ին պատարագ է մատուցվել Ստամբուլի Գումգափու թաղամասի հայկական եկեղեցում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Պատարագը տևել է 1.5 ժամ: Դրա ժամանակ զոհված հանքափորների ընտանիքներին ցավակցություն է հայտնվել, հնչել են աղոթքներ ինչպես զոհվածերի, այնպես էլ փրկվածների համար: Պատարագն իրականացնող Հայր Անդրեաս Օրթաագոփյանը նշել է, որ նմանօրինակ միջոցառումներ են իրականացվում բոլոր հայկական եկեղեցիներում:
«Այսօր մեր բոլոր եկեղեցիներում աղոթքներ են հնչում մեր հանքափոր եղբայրների համար: Զոհվածների համար Աստծուց խաղաղություն, իսկ վիրավորների համար շուտափույթ ապաքինում ենք ցանկանում»,- նշել է Հայր Անդրեասը:
Սոմայի ածխահանքում վթարը, որը հանդիսանում է ամենախոշորը Թուրքիայի պատմության մեջ, տեղի է ունեցել մայիսի 13-ի գիշերը: Աղետից զոհերի թիվը հասել է 301-ի: Սոմայի ածխահանքում տեղի ունեցած աղետի պատճառների մասին առաջին անգամ հայտարարությամբ հանդես են եկել հանքի սեփականատերն ու կառավարիչները: Հանքի սեփականատեր Ալփ Գյուրքանն ու կառավարիչները, թեեւ չեն համաձայնել մասնագետների այն պնդումների հետ, որ աղետը անվտանգության պայմանների կոպիտ խախտումների պատճառ է, բացահայտել են կորուստների մեծ լինելու պատճառը: Գյուրքնն ասել է, որ կորուստների թիվը մեծ է եղել հանքում «անվտանգության սենյակներ» չլինելու պատճառով: Ավելի վաղ նշվել էր, որ աղետի հնարավոր պատճառ կարող է լինել էլեկտրական կարճ միացումը կամ էլ հանքի խորքերում ածխանյութերի ինքնաբոցավառումը: