Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 31-ին պատարագ է մատուցել Բոստոնի Ս. Ստեփանոս եկեղեցում: Պատարագին ներկա էին Բոստոնի և Նյու Ինգլանդ շրջանի հազարից ավելի հայեր: Այդ մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

 

 

Վեհափառ Հայրապետը խոսել է քրիստոնեական հասկացության մասին, որից հետո անդրադարձել է քրիստոնեական սիրո հասկացությանը' նշելով. «Պատմության ընթացքում մեր եկեղեցին քրիստոնեական սիրո առաքյալը դարձավ մեր ժողովրդի կյանքում: Մեր հայրապետները, սրբերն ու վարդապետներն ապրել են սիրո կյանք և հիշեցրել են մեր ժողովրդի զավակներին, թե առանց սիրո դատարկ, անիմաստ, անգույն անդիմագիծ ու աննպատակ է մեր կյանքը: Սերն է մեր կյանքին իմաստ տվողը, սերն է մեր կյանքը դեպի Քրիստոս առաջնորդողը և սերն է, որ մեզ մղում է երկինքը երկրի վրա ապրելու:

 

 

Ապա Նորին Սրբությունը շեշտել է սիրո կարևորությունը մեր ներկա պայմաններում. «Այսօր նույնպես այս է մեր եկեղեցու պատգամը մեր ժողովրդի զավակներին առանց խտրականության: Պետք է միմյանց սիրենք, որքան էլ տարբեր լինեն մեր տեսակետները, մոտեցումներն ու ծրագրերը: Պետք է միմյանց սիրենք, որովհետև մենք բոլորս նույն ազգին, նույն եկեղեցուն ու նույն հայրենիքին ենք պատկանում: Մենք բոլորս նույն պայքարի' պահանջատիրական պայքարի մեջ ենք: Այդ պայքարի մաս են կազմում մեր ժողովրդի, մեր եկեղեցու ազգային, բարոյական ու հոգևոր արժեքները, որոնք մեզ կողք կողքի են բերում և սիրո օղակով շղթայում իրար: Սերն է, որ մեր ժողովուրդը միացրել է պատմության ընթացքին: Հետևաբար, սերն ու միասնականությունը պետք է մղիչ ուժ դառնան մեր ժողովրդի զավակների գործին ու կյանքին»: