Հնդկաստանին, Չինաստանին, Լաոսին, Թայլանդին սահմանակից Մյանմար պետության քրիստոնեական հնագույն սրբավայրի՝ Ռանգունի Սբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու հետ կապված խնդիրը Մայր Աթոռի հոգածության ներքո է: Հոկտեմբերի 1-5-ին Մյանմարի Միություն կատարած իր այցի ժամանակ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսը փորձել է տեղի իշխանությունների հետ լուծում տալ ստեղծված իրավիճակին, երբ հայկական եկեղեցու սպասավորությունն իր ձեռքն է վերցրել անգլիկան եկեղեցու կողմից կորգալույծ հռչակված ինքնակոչ հովիվը:

 

 

Հոկտեմբերի 17-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռի Դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տեր Պարույր քահանա Ավետիսյանը: Բանախոսի տեղեկացմամբ՝ Գարեգին Բ կաթողիկոսի հովվապետական այցը դեպի Մյանմար անդրանիկ այց էր ու պատմական, քանի որ պատմության մեջ որևէ կաթողիկոս այդպիսի բարձր ներկայացուցչական կազմով չէր եղել Մյանմարի Միությունում:

 

Բիրմայի Թագավորությունում հայերի ներկայության մասին

 

Մյանմարի Միության պատմական անվանումը Բիրմայի Թագավորություն է: Հայերն այստեղ հայտնվել են 16-րդ դարից սկսած, և առաջին հայկական գերեզմանաքարերը թվագրվում են 16-17 դարերին: Լինելով վաճառականությունը խթանող երկիր՝ այն մեծ թվով հայերի է համախմբել Բիրմայում, որտեղ հաստատվածները ստեղծել են ֆակտորիաներ, մեծ կալվածքներ, բարձր պաշտոններ են զբաղեցրել նաև թագավորական պալատում: Ունեցել ենք նշանավոր հայեր նավաշինության ու նավթարդյունաբերության մեջ: 19-րդ դարի վերջին հայերը եկեղեցիներ են կառուցել, որոնցից միակ կանգուն մնա ցածը Յանգոնի՝ նախկին Ռանգունի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է:

 

Ռանգունի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ինքնակոչ հովվի պատմությունը՝ Տեր Պարույր քահանա Ավետիսյանի ներկայացմամբ

 

Ինքնակոչ քահանան՝ Ջոն Ֆելիքսը, ով ծագումով հնդիկ է, ծնվել է Մյանմարում: Իբրև հայկական եկեղեցու ծառայող՝ նա իր հոր ժամանակներից է այնտեղ: Նրա հայրը՝ ավագ Ֆելիքսը, եղել է անգլիկան եկեղեցու քահանա, ու երկար տարիներ ծառայել է որպես հոգևորական Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

 

Իր հոր մահից հետո՝ 2012-ին, Ջոն Ֆելիքսը կարողացել է տեղի հայ համայնքի հոգաբարձուին համոզել ու սիրաշահել, նրանից ստանալ թուղթ՝ որպես հայկական եկեղեցու հրավիրված հովիվ: Իրականում, նա անգլիկան եկեղեցուց կարգալույծ հռչակված սարկավագ է, անգամ քահանայական ձեռնադրություն չի ունեցել: Դա փաստվել է անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոսի կողմից, ով նշել է, որ Ջոն Ֆելիքսն իրենց եկեղեցուց հեռացվել է որոշ բարոյական խնդիրների և ինչ-ինչ ունեցվածքներ վատնելու պատճառով:

 

Վեհափառի այցի մանրամասներն ու կայացված որոշումը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղեկացել է եկեղեցում տիրող վիճակի մասին Վեհափառի այցից մի քանի ամիս առաջ: Եղելությունների մասին, ըստ Տեր Պարույրի, տեղեկություն չի ունեցել Հայ Առաքելական եկեղեցին, քանի որ տեղում մշտական հայ հոգևորական չի ունեցել: «Դրա պատճառն այն է, որ փակ երկիր է,բուդդայական տարածք: Ընդամենը երկու տարի առաջ է, որ երկիրը որդեգրել է ժողովորդավար լինելու քաղաքականություն ու բացել է իր դռները աշխարհին:

 

Կաթողիկոսը երկիր մուտք գործելուց հետո, նախապես ծրագրված ժամանակացույցի համաձայն, հանդիպումներ ունեցավ Յանգոնի գլխավոր նախարարի,
Մյանմարի կրոնի գործերի նախարարի ու երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարարի հետ: Ներկայացվեց խնդիրը նախարարների ուշադրությանը, որոնք շատ լավ պատկերացում չունեին ներկայիս հայության մասին, Հայաստանի Հանրապետության մասին:

 

Աշխարհագրական տեսանկյունից շփոթ կար, անորոշություն էր, թե հայությունը ինչ ներկայություն ունի աշխարհում, ինչ մշակութային ժառանգություն»,-ասաց Տեր Պարույր քահանա Ավետիսյանը: Տեղի իշխանությունները շատ լավ ընդունելություն են ցույցաբերել ու փորձել իրենց ուժերի ներածին չափով օգնել, որ խնդիրը լուծվի:

 

Մյանմարում գործող կանոնադրության համաձայն՝ եկեղեցական հարցերը պետք է կարգավորվեն հոգաբարձուների կողմից: Եկեղեցու, համայնքի գործադիր իշխանությունը պատկանում է հոգաբարձուին: Բայց քանի որ վերջին հոգաբարձուն մահացել էր 1-1.5 տարի առաջ, փաստացի գործադիր իշխանություն գոյություն չունի համայքնի համար: Ջոն Ֆելիքսը փորձել էր ամեն ինչն իր ձեռքում կենտրոնացնել, որը նրան չի հաջողվել, միայն եկեղեցու բանալիներն են նրա մոտ: Ենթադրվում է, որ հեռանկարում նա ցանկացել է ձեռք բերել եկեղեցական կալվածքն ու վաճառել:

 

Տեր Պարույրի տեղեկացմամբ՝ Գարեգին Բ կաթողիկոսի այցի ժամանակ հայտարարություն է արվել ողջ երկրում, որպեսզի տեղի ծագումով հայերը ներկայանան: Հավաքվել է մոտ 25-30 հոգի, ովքեր թեև չեն խոսել հայերեն, որոշները եղել են բուդդայական, որոշները քրիստոնյա, սակայն ունեցել են իրենց հայությունն ապացուցող փաստաթղթեր, լուսանկարներ:

 

Վեհափառի որոշմամբ՝ ծրագրվում է Մյանմարում Ժամանակավոր նախաձեռնող խումբ նշանակել՝ երեք հոգանոց հանձնախումբ, որը կզբաղվի անդամական ժողովի կազմակերպմամբ: Երբ գումարվի ժողովը, այդ ժամանակ լիազորությունները կանցնեն համայնքի անդամներին, ովքեր էլ իրենց մեջից կընտրեն ավագ անդամին՝ հոգաբարձուին, ով կլինի համայնքի ու եկեղեցու գործադիր իշխանության գլխավերևում:

 

Համատեղության կարգով Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակել Տեր Զավեն աբեղա Յազիչյանը, ով ներկայում Կալկաթայի մարդասիրական ճեմարանի կառավարիչն ու հնդկահայոց հոգևոր հովիվն է: Նա ամեն կիրակի կամ երկու շաբաթը մեկ անգամ պետք է այցելի եկեղեցի, պատարագներ մատուցի, որպեսզի հայկական ծեսը հնչի եկեղեցուց ներս:

 

Մայր Աթոռի հեռանկարում կա, որ մշտական հոգևոր հովիվ ունենանք Մյանմարի եկեղեցում: «Երբ ամեն հարց ընկնի իր տեղը ու համանքն սկսի կանոնավոր կերպով գործել, բնականաբար, Վեհափառի կողմից նշանակում կկատարվի մնայուն հոգևոր հովիվ ունենալու համար»,-հայտնեց տեր Պարույրը:

 

Այսուհետ պատարագն ամբողջությամբ մատուցվելու է այնպես, ինչպես Հայաստանում: Մենք էլ այնտեղ, երբ մատւցեցինք պատարագ, պատարագի սկզբում Վեհափառի ձեռամբ կատարվեց խորանի վերաօծումը, որովհետև եկեղեցական կարգերի համաձայն, եթե ոչ օրինական հոգևորականը ելնում է խորան, կատարում է ծիսակատարևոություններ, համարվում է, որ պղծված է այդ խորանը»,-հայտնեց քահանան:

 

Տեր Պարույրի խոսքով՝ հայկական եկեղեցու պաշտամունքային արարողություններին կարող են մասնակցել նաև տեղի այլազգի քրիստոնյաները, ովքեր, սակայն, հայ համայնքի լիիրավ անդամ չեն կարող լինել:

 

Ամենայն Հայոց կաթողիկոսի, հայ համայնքի ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրեր ի մասնակցությամբ տեղի է ունեցել «Յանգոնի Մշակութային ժառանգության հիմնադրամ» կազմակերպության (Yangon Heritage Trust) կողմից հայկական եկեղեցու մուտքին փակցված հուշատախտակի բացման արարողությունը, որով եկեղեցին ներառվել է Յանգոնի մշակութային ժառանգության արժեքների ցուցակում: