Հայաստանի խորհրդարանում լսումներ կանցկացվեն «Սումգայիթյան ջարդեր: Հայերի նկատմամբ ատելության հրահրումը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով: Լսումներն անցկացնելու որոշումն ընդունեց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

«Լսումներին կհրավիրեն փորձագետների, իրադարձությունների անմիջական ականատեսների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչների: Լսումների նպատակն է միջազգային հանրությանը տեղեկացնել այս իրադարձությունների եւ Ադրբեջանի կողմից վարած պետական քաղաքականության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց ՀՀ Ազգային ժողովի  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

 

Լսումները կանցկացվեն փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին: Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին լսումներն անցկացնելու որոշմանը: