Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Նախագահ Աբդուլլահ Գյուլը մոտակա ժամանակներս կհանդիպեն' քննարկելու օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացի վերաբերյալ հարցերը: Այս մասին հայտարարել է Նախագահի մամուլի գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերը:
«Վարչապետի և Նախագահի միջև նախագահական ընտրությունների գործընթացի և դրա շարունակության վերաբերյալ հարցերը մինչ այժմ դեռ չեն քննարկվել: Մոտ ժամանակներս հանդիպում կլինի, որտեղ կքննարկվեն վերոնշյալ հարցերը»,- ասել է Սևերը: Նա հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե Գյուլն ու Էրդողանը հանդիպել և քննարկել են ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն, Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի 2014թ. օգոստոսի 10-ին: Ընտրությունների երկրոդ փուլը տեղի կունենա օգոստոսի 24-ին: Այս տարի առաջին անգամ Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն համաժողովրդական քվեարկությամբ: