ՀՅԴ-ն կոալիցիա կմտնի միայն այն դեպքում, եթե իշխող մեծամասնության կողմից ամբողջությամբ ընդունվի իրենց՝ 7 կետից բաղկացած ծրագիրը: Այս մասին քառյակի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք բազմիցս ասել ենք, որ արդեն մեր ծրագիրը ներկայացրել ենք հանրապետության նախագահին և քաղաքական մեծ պատասխանատվությամբ կոալիցիա կկազմենք կառավարության հետ»,-ասաց Ռուստամյանը:

 

Անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ ՀՅԴ ներկայացրած ծրագրի որոշ կետեր ընդունելի են՝ Ռուստամյանը նշեց, որ իրենց պահանջն է, որպեսզի իրենց ծրագիրն ամբողջությամբ ընդունվի իշխանության կողմից: «Եթե այս ծրագիրն ընդունվի, մենք 2015թ. կարող ենք ունենալ բոլորովին այլ պետություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ծրագրով իրենք առաջարկում են ստեղծել կառավարման իրենց կողմից ընդունելի խորհրդարանական համակարգ, որը իշխանություններին թույլ չի տա անընդհատ վերարտադրվել, ինչպես նաև ընդդիմությանը իշխանության վրա վերահսկողություն սա համնելու լիազորություններ տրամադրել, որոնք, կարծես, ընդունելի չեն իշխող կուսակցության համար: Նա նշեց, որ իշխանությունները դեմ են նաև 100 տոկոս մեծամասնական համակարգի անցնելու իրենց առաջարկին:

 

Ռուստամյանը հիշեցրեց, որ ապրիլի 18-ին տեղի կունենա ՀՅԴ Գերագույն ժողովը, որի ընթացքում էլ կհստակեցվի կուսակցության դիրքորոշումը: Այս պահին քաղաքական կոնսուլտացիաները իշխանությունների հետ շարունակվում են, որոնց արդյունքները կներկայացվեն ՀՅԴ Գերագույն ժողովի քննարկմանը, ինչից հետո էլ շատ հարցեր կստանան իրենց պատասխանները: