Հայաստանի ազգային արխիվի Արարատի մարզային մասնաճյուղում այսօր պահպանվում են 219 ֆոնդ' 35169 պահպանման միավորով, որոնցից 29004-ը մշտական պահպանության գործեր են եւ իրենցից գիտապատմական արժեք են ներկայացնում (ունեն 100 եւ ավելի տարվա պատմություն), շուրջ 6165-ը` 50 տարվա ժամկետով պահպանման, 9825-ը' երկարաժամկետ պահպանման գործեր են (պահպանվում են 10 տարով եւ կենսաթոշակային, անձնագրային տվյալներ են): Կան 27 կրկնվող ֆոնդեր, որոնք ունեն նաեւ ՀԱԱ Արարատի մարզային մասնաճյուղի Վեդի եւ Մասիս քաղաքներում գտնվող ներկայացուցչությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀԱԱ Արարատի մարզային մասնաճյուղի վարիչ Սոս Ժամհարյանը, արխիվացված նյութերում չկան անհատական փաստաթղթեր, եղածներն էլ մշտական պահպանության են վերցված 1924թվականից եւ զուտ պաշտոնական-պետական փաստաթղթեր են:

 

Հունվարից արխիվի աշխատակազմն աշխատում է արդեն լուծարված կազմակերպությունների փոքրածավալ եւ նմանատիպ ֆոնդերի խտացման գործընթացի վրա: Առաջիկա տասնօրյակում կավարտեն աշխատանքները: Ժամհարյանի պարզաբանմամբ, նկատելիորեն կնվազեն արխիվում պահվող ֆոնդերի քանակը:

 

Այս տարվա ընթացքում նախատեսվում է արխիվացնել Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի, Արարատի մարզպետարանի, Արտաշատի տարածաշրջանի նոտարական գրասենյակի, Արարատի մարզի Փոքր Վեդու գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի գործերը:

 

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում քաղաքացիներից ստացվել է 439 հարցում, որից 351-ին տրվել է դրական, իսկ 88-ին` բացասական պատասխան: ԱՊՀ երկրներից ստացվել է 54 հարցում, իսկ ՀՀ կազմակերպություններից' 59 նամակ-գրություն' հիմնականում թեմատիկ հարցերի վերաբերյալ(հողի տարածքի չափերի վերաբերյալ): ժամհարյանը նշեց, որ վերջին 1-2 տարում նկատելիորեն ավելացել են ՌԴ-ից ստացվող հարցումները' ներկայումս այնտեղ բնակվող հայերի աշխատանքային ստաժի հետ կապված:

 

Արդեն հինգ տարի է, մարզային մասնաճյուղն իր ֆոնդերը պահպանում է Արտաշատի թիվ 9 մանկապարտեզի'1250 քմ տարածքով նախկին շենքում, որն Արտաշատի քաղաքապետարանը ՀԱԱ-ին է հատկացրել անվճար հիմունքներով: Իսկ նախորդ վարչական շենքը, որտեղ 1998-2009 թթ. պահվում էին մասնաճյուղի ֆոնդերը (Արտաշատի թիվ 3 մանկապարտեզի նախկին շենք), մեղմ ասած, գտնվում էր անմխիթար եւ օգտագործման համար անբարենպաստ վիճակում:

 

Լիլիթ Մաճկալյան