Հայաստանի ազգային արխիվի շուրջ 250-ից ավել աշխատակիցներ օրերս նամակ են գրել ՀՀ վարչապետին, որը հանրայնացրել են այսօր։ Ստորև ներկայացնում ենք նամակը.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոն վարչապետ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր անվստահությունն է հայտնել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի նկատմամբ և պահանջել նրա հրաժարականը:
Հայաստանի ազգային արխիվի ողջ անձնակազմը դիմում է Ձեզ` հույսով, որ լսելի կլինի Ձեր կողմից: Այդ հույսը այն ծառայություններն են, որ տարիների ընթացքում օր օրի, քայլ առ քայլ տնօրեն Ամատունի Վիրաբյանի ղեկավարությամբ ու անմիջական մասնակցությամբ, օգտագործելով նրա անհատական հմտություններն ու գիտելիքները մեր հանրապետությունում արխիվային գործը հասավ ժամանակակից պահանջներին համապատասխան մակարդակի, իսկ Հայաստանի ազգային արխիվը ձեռք բերեց միջազգային ճանաչում:
Բարելավվեցին Հայաստանի ազգային արխիվի և նրա մասնաճյուղերի շենքային պայմանները, տեղադրվեցին փաստաթղթերի պահպանության համար նոր սարքավորումներ, մշակվեցին և ընդունվեցին արխիվային գործի կարգավորման օրենսդրական ակտեր, հրատարակվեցին հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձությունները ներկայացնող արխիվային փաստաթղթերի ընտրանիներ, ներդրվեցին փաստաթղթերի հաշվառման և օգտագործման թվայնացման համակարգեր, այսօր ՀՀ բոլոր մարզերում տեղակայված մասնաճյուղերի հետ հարցումների հղումներն ու պատասխանների առաքումը կատարվում է առցանց:
Հարկ է նշել, որ Ա.Վիրաբյանը պատմական գիտությունների դոկտոր է, Արխիվների միջազգային խորհրդի Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, բազմաթիվ աշխատությունների հեղինակ, ՀՀ արխիվային համակարգի կայացման ու զարգացման գործում ունի մեծ ավանդ (շուրջ 20 տարի ՀԱԱ տնօրեն է), պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: Նշենք նաև, որ նա վայելում է կոլեկտիվի հարգանքն ու սերը, որի կորիզն են կազմում փորձառու պրոֆեսիոնալ պատմաբաններ, արխիվագետներ:
Հաշվի առնելով նշված ծառայությունները, ինչպես նաև արխիվային գործի առանձնահատկությունները և այն մասնագիտական աշխատանքը, որն այսօր իրականացնում է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը, խնդրում ենք հնարավորություն տալ Ա. Վիրաբյանին շարունակելու պաշտոնավարումը մինչև օրենքով սահմանված տարիքը լրանալը»:
Նամակի տակ ստորագրած աշխատակիցների ցանկը՝ այստեղ։
Կարդացեք նաև` Ամատունի Վիրաբյանն իրեն Ազգային արխիվի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանն անհիմն է համարում