Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իրեն երկրի նախագահ ընտրեն, ապա, ի տարբերություն ներկայիս նախագահական համակարգի, ինքը նաեւ գործադիր իշխանության մաս կկազմի: «Ես դեռ չեմ որոշել'քվեարկության կդնե՞մ իմ թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, թե ոչ: Բայց եթե ինձ ընտրեն, ապա ես օգտագործելու եմ իմ բոլոր սահմանադրական լիազորությունները», -հայտարարել է նա: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

 

«Եթե ինձ ընտրեն, ապա ես կլինեմ ժողովրդական նախագահ, ով օգտագործում է իր բոլոր հնարավորությունները», -ասել է Էրդողանը:

 

Նրա խոսքով, նախագահն ավտոմատ կերպով դառնում է իշխանության գործադիր ճյուղի մաս, եթե այդ պաշտոնն ստանձնում է ընտրությունների արդյունքում:

 

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թ. օգոստոսի 10-ին: Եթե նախագահի թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում 51 տոկոս ձայն չհավաքի, ապա օգոստոսի 24-ին տեղի կունենա երկրորդ փուլը:

 

2007 թ. անցկացված հանրաքվեի արդյունքներով, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, 2014 թվականից Թուրքիայի նախագահը պետք է ընտրվի ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի կողմից: Թուրքիայի նախագահը պետք է ընտրվի 5 տարի ժամկետով' նախկին 7 տարվա փոխարեն: