ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել մոտ 116 մլն դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես ՀՀ-ում անապահով ընտանիքների կողմից 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում: Այսպիսով, անապահով ընտանիքներից 75 խոր. մետր բնական գազի դիմաց 1000 խոր. մետրի համար հաստատված 132 հազար դրամի փոխարեն կգանձվի 100 հազար դրամ:

 

Կառավարության նիստում ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» որոշումը, քանի որ դրանով կարգավորվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորվել են ՀՀ մաքսային օրենսգրքով, ինչպես նաև կառավարության մեկ այլ որոշմամբ:

 


Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագրի 15 մլն եվրո արժողությամբ նախագծին: Երեք փուլից բաղկացած ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է, երկրորդն իրականացվում է: Բարեփոխման շարունակությունն ապահովելու նպատակով KfW բանկի հետ հստակեցվել է նաև ծրագրի երրորդ փուլի ծավալը: Ավարտին է հասցվելու Վանաձոր և Գյումրի քաղաքների ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի լիարժեք վերականգնումը՝ ապահովելով շուրջօրյա որակյալ ջրամատակարարում: Անհրաժեշտություն է առաջացել համաճարակի առաջացման բարձր ռիսկային գոտում գտնվող Արմավիրի տարածաշրջանում կառուցել կեղտաջրի մաքրման կայան:

 

Առաջին անգամ 10 մլն եվրո ֆինանսավորմամբ ներդրումային ծրագիր է նախատեսվում ջրամատակարարման ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող 560 համայնքում: Ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրելու լիազորություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմի նախագահին: