ՕԵԿ-ի, այսպես կոչված, կոալիցիայից դուրս գալու թեման մակերեսային անդրադարձի արժանացավ: Բնականաբար, հասարակության շրջանում անլուրջ կառույցի, ՀՀԿ-ի կույր աղիքի համարում ունեցող ուժին հենց այդպես էլ պետք է վերաբերվեին, սակայն վերոնշյալ գործընթացն ունի մի քանի խորքային պատճառներ:
Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Սերժ Սարգսյանի` ՕԵԿ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը փորձել է առաջ մղել Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը` վարչապետի պաշտոնի համար: Նա երկար-բարակ փորձել է հիմնավորել, որ երկիրը ստեղծված սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակից կարող է հանել միայն Արթուր Բաղդասարյանը` վարչապետ նշանակվելու դեպքում, ինչին ի պատասխան` Սերժ Սարգսյանը կտրուկ ասել է. «Թեման փակե'ք»: Սակայն իշխանությունները չեն մոռացել Բաղդասարյանի ծառայությունները' որպես իրենց մշտական հաճախորդի և նրան նոր պարտիա առաջարկեցին' կրկին ակտիվանալ ընդդիմադիր դաշտում: Իշխանությունները, մեծ հաշվով, կորցնելու ոչինչ չունեն, ՕԵԿ-ին գործուղելով ընդդիմություն' իրենք այսպես թե այնպես շահում են: Հասարակության կարճ քաղաքական հիշողության դեպքում կրկին քաղաքական դաշտ են ներմուծում խիստ վերահսկելի, փորձված, գրպանային ընդդիմություն, իսկ այդ ծրագրի ձախողման դեպքում մինիմում արդյունքը կլինի ընդդիմադիր դաշտի լղոզումն ու պառակտումը: Ակնհայտ է, որ ցանկացած դաշտ, որտեղ ՕԵԿ-ը կսկսի խաղալ, շատ արագ կարող է բացասական էմոցիաներ արթնացնել հասարակության մոտ:
Հիմա' ՕԵԿ-ի ընդդիմադիրացման մասին: Գաղտնիք չէ, որ իշխանությունից դուրս գալուց հետո քաղաքական ուժերը զիջում են նաև իրենց լծակները, ինչպես, օրինակ, ՀՅԴ-ական նախարարների հրաժարականներից անմիջապես հետո իրենց պաշտոնները լքեցին միջին օղակների դաշնակցականները: ՕԵԿ-ի դեպքում այդպիսի վտանգ չի սպառնում. միջին օղակների բոլոր պաշտոններում կշարունակեն ՕԵԿ-ականները պաշտոնավարել, ինչպես նաև կպահպանեն բոլոր ֆինանսական լծակները: Ունենալով ադմինիստրատիվ և ֆինանսական լծակներ' հավատացեք, ՕԵԿ-ի համար այնքան էլ դիսկոմֆորտ չի լինի խաղալ ընդդիմադիր դաշտում: Որևէ մեկը հավատու՞մ է արդյոք, որ առանց ամենաբարձր իշխանական հոգատարության' ընդդիմադիր կուսակցությանն այսպիսի ճոխություններ թույլ կտրվի: Կարծում եմ, որ այդպիսի հավատավորները վաղուց հարմարավետորեն տեղավորված են համապատասխան բուժհաստատություններում:
Ինչ վերաբերվում է ՕԵԿ-ական նախարարներին' նրանք կամ նրանցից ոմանք, ըստ ամենայնի, կշարունակեն պաշտոնավարել' արդեն առանց ՕԵԿ տարբերանշանի: Ընդ որում, առանձնապես որևէ տարբերություն չկա' նրանք ՕԵԿ-ում են, թե ՕԵԿ-ից դուրս, որովհետև դեռ հարց է, թե ով էր ում ավելի շատ օգուտ տալիս' կուսակցությունը իր անդամների՞ն, թե՞ հակառակը: Մեծ հաշվով, նրանք կուսակցականներ էին այնքանով, որքանով կատարում էին Սերժ Սարգսյանի կամքը, ոչինչ ավելին: Սակայն խնդիրն այն է, որ երկու դեպքում էլ այդ անձիք խաղում են նույն նախագծի շրջանակներում: Իրենց միջին օղակներում պահելով նախկին կուսակցական գործընկերներին' նրանք շարունակում են այս քաղաքական կառույցին օգնելու և քաղաքական դիակից գործուն օրգանիզմի վերածելու առաքելությունը:
Օրինակ' ի՞նչ ձեռք բերեց Արմեն Երիցյանը' անդամագրվելով ՕԵԿ-ին: Վստահաբար' շահեց միայն Արթուր Բաղդասարյանը' իր կառույցով' հասարակության մեջ հարգված Երիցյանի նախարարությունում տեղավորելով իր ակտիվի զգալի մասին: Այժմ, շարունակելով նույն կուսակցությանն իր աջակցությունը' արդեն բոլորովին այլ ֆորմատով' Երիցյանը շարունակում է խաղալ Բաղրամյան 26-ում հյուսված խարդավանքների դաշտում' իր դրական կերպարն օգտագործելով հասարակությանը մոլորության մեջ գցելու համար: Պարո′ն Երիցյան, ազնվություն ունեցեք և հասարակության դրական կարծիքը մի օգտագործեք' հերթական քաղաքական չարիքն արմատավորելու համար:
Ընդդիմադիր դաշտ նետված հերթական խայծը հասարակությունն այս անգամ չպետք է կուլ տա: Հակառակ պարագայում ընդմիշտ ստիպված կլինի խաղալ նույն ծամծմված, փոշոտված խաղի կանոններով, որով իշխանությունները կարողանում են մշտապես ճարպկորեն մոլորեցնել հասարակությանը...
Վարուժան Բաբաջանյան