Սերժ Սարգսյանն ավարտել է ելույթը ԵԽԽՎ-ում: Ինչպես և սպասվում էր Սարգսյանի ելույթին առավել բուռն արձագանքը եղավ ադրբեջանական պատվիրակության կողմից: Հարևան երկրի ներկայացուցիչները այս անգամ էլ փորձեցին շահարկել Խոջալուի դեպքերը, ինչպես նաև արդեն սովորական դարձած հոխորտանքները թափեցին արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի ապակառուցողկան դիրքորոշման համար: Եվրոպական բարձր ամբիոնում նման ոչ ադեկվատ պահվածք դրսևորող ադրբեջանցի պատվիրակին Սարգսյանը հորդորեց մի փոքր հանդարտ լինել, հանգստանալ։ «Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ դուք ցեղասպանություն եք համարում, շա՜տ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Մութալիբովը շատ հանգամանորեն ու շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները», - նշեց ՀՀ նախագահը։:
 
Դժվար թե ադրբեջանցի պատվիրակները մոռացած լինեն Մութալիբովի հայտնի հարցազրույցը, որտեղ վերջինս խոստովանել է, որ այսպես կոչված Խոջալուի, իսկ ավելի ճիշտ՝ Աղդամի մատույցներում տեղի ունեցած ադրբեջանցիների սպանդը, կազմակերպված էր ադրբեջանցիների ազգային ճակատի կողմից, և այն միտված էր իր դեմ։ Մյուս կողմից նախագահ Սարգսյանը հուշեց դյուրագրգիռ ադրբեջանցուն, որ ցեղասպանված ազգ լինելը անչափ կասկածելի հաճույք է, հետևաբար ադրբեջանցիները կարող էին առնվազն այս հարցում չփորձել կրկնօրինակել մեր անցած դառը պատմական ուղղին: Նախագահի խոսքում ուշագրավ ակնարկ կար՝ եթե մենք լինելով ցեղասպանության ենթարկված ազգ կարողացել ենք ձեռբազատվել զոհի հոգեբանությունից, ադրբեջանցիները իրենք իրենց վրա «պրոյեկտում» են բարդույթները , չունենալով դրա համար որևէ հիմնավոր պատճառ: Անխոս . դա ունենալու է բացասական ազդեցություն առաջին հերթին իրենց՝ ադրբեջանցիների համար:
 
Սերժ Սարգսյանի պատասխանը սպառիչ էր նաև արցախյան հակամարտության համատեքստում հնչած հարցին: Սարգսյանը բաց տեքստով հասկացրեց ադրբեջանցի պատվիրակին, որ բանակցային գործընթացում նրա երկիրը առավելագույնն ու անհնարինն է ուզում։ «Դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը, ցավոք սրտի, այլատյացությունը Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է. դա պայքար է ազատության, ինքնորոշման համար ու այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ, ես համոզված եմ», - նշեց Սարգսյանը։ Սարգսյանի ասածը ՝ նորություն չէ, այդ թվում ադրբեջանցիների և միջազգային հանրության համար: Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի համաձայնի լինել Ադրբեջանի կազմում: Դա փաստ է, որի հետ վաղ թե ուշ պետք է հաշտվել, բայց այդ մտքի հետ Ադրբեջանը, հայտնի է, չի հաշտվում: Հենց այս հանգամանք է հանդիսանում բանակցային գործընթացի փաստացի տապալման պատճառ, այլ ոչ թե ադրբեջանցի պատվիրակի մատնանշած՝ հայկական կողմի որ ռացիոնալ պահվածքը:
 
Նախագահի մյուս մեսիջը ուղղված էր ԵԽԽՎ-ին, որի ամբիոնից հաճախ ընդունվում են որոշումներ, որոնք չեն բխում հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից: Սարգսյանը ակնհայտորեն հիշեցնում է ԵԽԽՎ-ին խավիարային դիվանագիտության խայտառակությունը, ինչպես նաև ՄԻԵԴ որոշ վճիռներ, որ այս կամ այն կերպ առնչվել են Ղարաբաղյան խնդրին, քանի որ վերաբերել են Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացիների հայցերին: Դրանով նախագահը արջանագրեց նաև այն այն արժեքային խորը ճգնաժամը, որում վերջին տարիներին գտնվում է այս կառույցը:
 
 
Ստելլա Խաչատրյան
Տեսանյութը՝ 1in.am