Ռուսաստանում տիրող տնտեսական անկայուն իրավիճակն ազդել է Հայաստան ուղարկվող գումարների վրա, ինչպես և սպասվում էր: Այս երկրից ուղարկվող մասնավոր տրանսֆերտները նվազել են: Փետրվարին նվազումը տարեկան կտրվածքով 1,7 մլն դոլար է կամ 2 տոկոս: Մինչև այդ, հունվարին տրանսֆերտների ծավալն աճել էր 23,4 տոկոսով:

 

Նվազման պատճառներից է ռուսական ռուբլու կտրուկ թուլացումը դոլարի նկատմամբ: Միայն փետրվարին Ռուսաստանում տարվա կտրվածքով ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 10.6 տոկոսով: Բացի դրանից երկրից կապիտալի արտահոսքը միայն այս տարվա առաջին ամիսներին հասել է 63 մլրդ դոլարի, այն դեպքում, որ հենց այդքան էր արտահոսել ամբողջ 2013թ.-ի ընթացքում: Ռուսաստանն ունի նաև բյուջետային խնդիրներ և հնարավոր է չկարողանա ապահովել 2014թ.-ի բյուջեով նախատեսված եկամուտները: