Ռուսաստանի տնտեսության անկման նոր կանխատեսումներով, ինչպես նաև ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված ֆիզիկական անձանց' Հայաստան ուղղված դրամական փոխանցումների դոլարային արժեքը կարող է նվազել շուրջ 30 տոկոսով: Նման կանխատեսում է կատարել Հայաստանի Կենտրոնական բանկը'գնահատելով տրանսֆերտների կրճատման ազդեցությունները գնաճային միջավայրի ձևավորման վրա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հաշվետվության մեջ նշվում է, որ համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի զարգացումների ազդեցությունն արտացոլվել է նաև Հայաստանի տնտեսության մեջ: Արդյունքում, արտաքին աշխարհից ստացվող արտարժութային հոսքերի կրճատումն ու ԱՄՆ դոլարի նկատմամբ այլ երկրների ազգային արժույթների արժեզրկումը Հայաստանում արժեզրկման ճնշումներ են ստեղծել:
Դրամի արժեզրկման հետևանքով որոշ ապրանքների թանկացման արագությունը ապակայունացրել է բնակչության գնաճային սպասումները' հանգեցնելով ապրանքային և արտարժութային պահանջարկի կտրուկ ավելացման ու զգալի լրացուցիչ գնաճային ճնշումների: 2014 թ. չորրորդ եռամսյակում ձևավորվել է դրական ՀՆԱ ճեղքվածք' նպաստելով գնաճի տեմպերի ակնկալվածից արագ վերականգնմանը:
Հարկ է նշել, որ տարեվերջի գնաճին որոշակիորեն նպաստել է նաև մի շարք պարենային ապրանքատեսակների, մասնավորապես' կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, կենդանական և բուսական յուղերի գների աճը' կապված չորրորդ եռամսյակում դրանց գծով դրոշմապիտակների ներդրման հետ: