Քեսաբի հայկական լուսավորչական, կաթողիկե եւ բողոքական համայնքների ջանքերով Քեսաբում սպանված 24-ամյա Գևորգ Ջուրյանի և Քեսաբի բոլոր հայ ննջեցյալիների համար այսօր՝ ապրիլի 21-ին, Սիրիայի ժամանակով երեկոյան 5-ին, հոգեհանգստի արարողություն տեղի կունենա Լաթաքիայի հայ առաքելական Սբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց քեսաբահայ Կարո Մանճիկյանը, ով այժմ գտնվում է Լաթաքիայում:
Գևորգ Ջուրյանի սպանության մասին նա նշեց, որ մարտի 22-ին զինյալները նրան դուրս են հանել տնից և տարել անհայտ ուղղությամբ: Մի քանի օր առաջ տեղեկություններ են ստացվել նրա սպանության մասին: Կարո Մանճիկյանի խոսքով' երիտասարդի հորեղբայրները զինյալների հետ բանակցելու արդյունքում ստացել են դիակը: Սպանության մանրամասների մասին տեղեկություններ չկան: Ջուրյանի սպանության լուրը վերջին շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել. խնդիրն այն էր, որ հարազատները չէին հավատում նրա մահվան լուրերին: Գեւորգի ծնողները Լաթաքիայում են:
Քեսաբի շրջանի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների տներում: Քեսաբահայերի մի քանի ընտանիք նաեւ Հայաստան է այցելել: