Թուրքերը պետք է դատապարտեն իրենց նախկիների' հայերի հանդեպ կատարած հանցագործությունները, քանի որ դա է Թուրքիայի, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների ապագան: Այս մասին «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղապանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» գիտաժողովը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաբաց գիտաժողովների սրահում ապրիլի 21-ին մեկնարկած գիտաժողովի ժամանակ նշեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Վիկտոր Նադեին-Ռաևսկին, ում կարծիքով' եթե ցեղասպանությունները մարդկության կողմից դատապարտված չեն, նրանք նոր հանցագործությունների համար են ճանապարհ հարթում:
Նրա գնահատմամբ' փաստ է, որ հայերի դեմ հանցագործությունները կատարվել են Օսմանյան Թուրքիայի տարածքում, ինչը հաստատվել է Օսմանյան ղեկավարության, ինչպես նաև Ստամբուլի դատարանի կողմից. դատավարությունն անցկացվել է 1919 թվականին: «Միջազգային հանրությունը և հասարակական շրջանակները դեռ այն ժամանակ էին վերջակետ դրել այն բանի վրա, թե ով է մեղավոր հայերի ցեղասպանության իրականացման գործում, միչդեռ այդ վերջակետը դրել էին եվրոպացիները, բայց ոչ թուրքերը»,- նկատեց գիտնականը:
Հավաքագրված իրատեսական փաստաթղթերի թիվը վկայում է կատարված ողբերգության իրական մասշտաբների մասին: «Ինչ էլ թուրքերը չասեն բնակչութան և ունեցվածքի ոչնչացման մասին, խոսքը գնում է ավելի քան 2 հազար 500 բնակավայրերի, մոտ 2 հազար 400 եկեղեցիներ, հարյուրավոր հայկական դպրոցների, կազմակերպությունների մասին, որոնց տերերը հանկարծակի կորել են»,- պարզաբանեց բանախոսը' հավելելով, որ առաջին աղմուկը կատարված իրադարձությունների առնչությամբ բարձրացել էր դեռևս 1915-1916 թվականներին:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցը շեշտեց նաև, որ անհրաժեշտ է, որպեսզի թուրքերը կարողանան քննադատել իրենց նախնիների կատարած հանցագործությունները, քանի որ դա մի օր կփոխի թուրքական ըմբռնումն այդ հանցագործության հանդեպ: «Դա բարոյահոգեբանորեն դժվար է յուրաքանչյուր մարդու համար, բայց դրա միջով անցել են գերմանացիները' դատապարտելով Հոլոքոսը»,- շեշտեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին' նշելով, որ պետք է հույս ունենալ, որ ազգային արիությունը կհաղթի Թուրքիայում:
«Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. Ցեղապանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» գիտաժողովը միավորեց առաջատար մասնագետների Ռուսաստանից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից: Երկօրյա գիտաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվելու Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում կազակերպված հայերի զորակոչին. նրանց զինաթափմանը, երիտթուքերի կառավարության կողմից հայ ժողովրդի ցեղասպանությանը: