Խոր կսկիծով ստացանք հայտնի հասարակական, ազգային գործիչ, գործարար, բարերար, երկրապահ Հրանտ Վարդանյանի մահվան լուրը: Հրանտ Վարդանյանի կորուստը ոչ միայն Ձեր ընտանիքի վիշտն է, այլև' ողջ հայության: Սա մեծ կորուստ է երկրապահական ընտանիքի համար, քանի որ, կրկնեմ' Հրանտ Վարդանյանը մեծ հայրենասեր էր, երկրապահ էր էությամբ, մտածողությամբ, ապրած կյանքով: Հրանտ Վարդանյանի անմիջական աջակցությունը, ջերմությունը, սրտացավ վերաբերմունքը երկրապահն զգում էր ամեն օր, ամեն վայրկյան: Հրանտ Վարդանյանի և Երկրապահ կամավորականների միության համագործակցությունը բազմաշերտ էր և բազմածավալ:

 

Հարգելի′ Վարդանյաններ, ՀՀ երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, «5-րդ բրիգադ»-ի մարտիկների, երիտասարդ և պատանի երկրապահների և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ Հրանտ Վարդանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Կորուստն անդառնալի է: Դուք կորցրիք հարազատի, մենք կորցրինք լավագույն ընկերոջ, երկրապահը կորցրեց մեծ բարեկամի, հայ ժողովուրդը կորցրեց ազգանպաստ գործունեություն ծավալող բարերարի:

 

Հրանտ Վարդանյան մարդու, հայի, հոր, պապիկի, գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա սերունդների սրտերում:

 

Վշտակցելով Վարդանյանների ընտանիքին' միաժամանակ համոզմունք եմ հայտնում, որ իր որդիները պատվով, արժանիորեն կշարունակեն Հրանտ Վարդանյանի գործը, ավարտին կհասցնեն բոլոր ձեռնարկումները, հանդես կգան նորանոր հայանպաստ նախաձեռնություններով: Պտուղը ծառից հեռու չի ընկնում, և Հրանտ Վարդանյանը, իր ողջ ազգանպաստ գործունեությունից զատ, հայ հանրությանը նաև հարուստ ժառանգություն է թողել ի դեմս որդիների' Միքայել և Կարեն Վարդանյանների:

 

Սիրելի′ Միքայել և Կարեն, ես ձեզ մաղթում եմ համբերություն: Պինդ եղեք, պատվով շարունակեք Հրանտ Վարդանյանի գործը, կրողը եղեք նրա ազգային ժառանգության:

 

ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ


ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ


ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ Մ. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ