ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Հարգելի՛ ուսուցիչներ,

 

ԵԿՄ վարչության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի հաճելի առիթով:

 

Դարեր ի վեր մեր ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի նկատմամբ՝ ոչ միայն բոլոր կարևորագույն հարցերում նրան անվերապահորեն հավատալով ու վստահելով, այլև նրա հետ կապելով ապագայի բոլոր հույսերն ու սպասելիքները: Եվ դա բնական է մի ժողովրդի համար, որը միշտ էլ բացառիկ կարևորություն է տվել մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, պաշտամունքի հասնող սեր է ունեցել գիտելիքի և գիտության նկատմամբ: Այնպես որ, սիրելի՛ ուսուցիչներ, Ձեր մասնագիտության տեր մարդիկ ո՛չ անցյալում և ո՛չ էլ այսօր գովեստի, մեծարանքի ու երախտագիտության խոսքերի պակաս չեն զգացել: Դուք, իսկապես արժանի եք դրան, քանի որ ուսուցչի անչափ պատասխանատու աշխատանքը, ես կասեի առաքելությունը ստանձնել ու իրականացնում եք ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ:

 

Առանց վարանելու կարող եմ ձևակերպել, որ հայ ուսուցիչները, հայ սերունդներին կրթող ուսուցիչները ամենաիսկական երկրապահներ են և նվիրյալ հայրենասերներ: Վստահ եղեք' թշնամու նկատմամբ տարած հաղթանակ է վաղվա Հայաստանի, Արցախի համար լավ մասնագետ կադրեր պատրաստելը: Ուսուցիչների' երկրապահ կարգավիճակն ամրագրվեց սեպտեմբերի 9-ին ԵԿՄ-ի, կրթության և գիտության նախարարության և պաշտպանության նախարարության միջև կնքված եռակողմ հուշագրով: Այսօր դուք կրթում, դաստիարակում եք պատանի երկրապահներին, դուք եք պատասխանատու վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանի և պաշտպանված Արցախի համար:

 

Այնպես որ' հարգարժան ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, առողջություն, տոկունություն, եռանդ, երջանկություն և հաջողություններ անձնական կյանքում ու հայրենանվեր աշխատանքում»: