Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվում Ցեղասպանության հետ առնչվող փաստաթղթերի՝ այլ լեզուներով հրատարակման գործընթացը շարունակվում է: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Բացի անգլերենից, այդ փաստաթղթերը թարգմանվում են նաև ռուսերեն, այլ լեզուներով: Թարգմանությունը կատարվում է «Վան» հասարակական կազմակերպության միջոցներով»,- նշեց Վիրաբյանը՝ ընդգծելով, որ իրենց համար առաջնահերթ խնդիր է արխիվում առկա փաստաթղթերի՝ այլ լեզուներով թարգմանությունը:

 

ՀՀ Ազգային արխիվի խնդիրներից մեկը ցեղասպանության տարիներին զոհված հայ բնակչության մասին տեղեկությունների շտեմարանի ստեղծումն է: Վիրաբյանի խոսքով՝ սա շատ բարդ գործընթաց է, քանի որ արդեն մեկ դար անցել է, փաստերի հավաքման աշխատանքներն ուշ են սկսվել, ուստի քիչ բան է պահպանվել, և դժվար կլինի այդքան ինֆորմացիա հավաքել: «Նույնիսկ կան բնակավայրեր, որտեղ բնակչությունն ամբողջությամբ ոչնչացվել է, և, բնականաբար, շատ դժվար կլինի այդ բնավայրերի բնակչության մասին տեղեկությունների հավաքումը»,- ասաց Վիրաբյանը՝ ընդգծելով, որ այդ ուղղութ յամբ այնուամենայնիվ աշխատանքներ տարվում են:

 

Ամատունի Վիրաբյանն ընդգծեց, որ արխիվի նպատակներից մեկն է փաստաթղթերով ցույց տալ, որ ոչ միայն հայ բնակչությանն են կոտորել, այլև նրանց կոթողները, եկեղեցիները, հայերը նյութական վիթխարի կորուստներ են կրել: Նա հիշեցրեց, որ 1919թ. դա կազմել է երկու մլրդ ֆրանսիական ֆրանկ:

 

Վիրաբյանը վստահեցրեց՝ Հայաստանի Ազգային արխիվն իր ակտիվ աշխատանքը շարունակելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո՝ ընդգծելով, որ դրանից հետո անելիքներն ավելի շատ են լինելու: