Թուրքիան ավելի քան մեկ միլիոն դոլար է վճարել «Մուսուլման եղբայրներ» շարժմանը' Եգիպտոսի ինստիտուտում պահվող, Հայոց ցեղասպանության իրողությունը հաստատող փաստաթղթերը վերացնելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber կայքը, Եգիպտոսի կառավարության նիստում հայտարարել է այդ երկրի «Ջիհաթ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը:
Բացի այդ, Նաիմը տեղեկացրել է, որ ինստիտուտը հրդեհելու միջոցով Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի վերացման գործում անմիջական մասնակցություն են ունեցել Եգիպտոսում իսլամական հեղափոխության փորձ կատարած «Մուսուլման եղբայրներ» շարժման որոշ անդամներ: Նաիմը հայտարարել է, որ «նման քայլի համար Եգիպտոսը պետք է պատժի Թուրքիային»:
Եգիպտոսի ինստիտուտի այրված արխիվներում Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ փաստաթղթեր պահվելու մասին ավելի վաղ հայտնել էր Կահիրեում հրապարակվող «Վետո» թերթը: Թերթը հայտնել էր, որ այդ փաստաթղերը «կարող էին Թուրքիային դժվար կացության մեջ դնել միջազգային դատարանում»:
2011 թվականի հունվարին, Եգիպտոսի նախկին Նախագահ Հուսնի Մուբարաքի դեմ Կահիրեի Թահրիր հրապարակում «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմից սկսված ցույցերի պատճառով ստեղծված քաոսի պայմաններում այրվեցին մի շարք պետական հաստատություններ, այդ թվում' Եգիպտոսի ինստիտուտը, որտեղ պահվում էին Միջին Ասիայի եւ Միջերկրական ծովի ափամերձ երկրներին վերաբերվող պատմական փաստաթղթեր: Ինստիտուտը, որտեղ պահվում էին Հայոց ցեղասպանության իրողությունը փաստող փաստաթղթեր եւս, հրկիզվել է 2011 թվականի դեկտեմբերի 17-ին, ինչի հետեւանքով այդտեղ պահվող արխիվայի ն փաստաթղթերի մեծ մասը ոչնչացվել էր: